«ԷՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՈՒ ՎԵՐՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեզ միշտ մատով են ցույց տվել, բայց դե լավ իմաստով. մարդս աշխատում էր, ունեինք մեքենա, լավ տուն, ապրում էինք ըստ պահանջի: Ամենածիծաղելին էն ա, որ հիմա էլ են մատով ցույց տալիս, բայց պատճառն արդեն ուրիշ ա»,-ասում է 38-ամյա  Կարինեն` անընդհատ փախցնելով իր կարմրած աչքերը եւ ջղագրգիռ  շարժումներով խաղալով մատների հետ:  
Արդեն 7 տարի է, ինչ նրա ամուսինը թմրանյութեր է օգտագործում: Չնայած նրան բուժելու բազմաթիվ փորձերին թե՛ տան պայմաններում, թե՛ նարկոլոգիական կլինիկայում` Կարինեի ամուսինը դեռ թմրանյութերից կախում ունի:
Նշենք, որ ոչ պաշտոնական վիճակագրությամբ` ներկայումս Հայաստանում թմրամոլների թիվը 30.000 է, սակայն ըստ 2010 թվականի պաշտոնական տվյալների` նարկոլոգիական կախում ունեցողները 2751 են:
Թմրամոլներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, այդ թույնն օգտագործելու «անձնական» պատճառը: Համենայնդեպս, այդպես է պնդում Կարինեի ամուսինը. «Կարո՞ղ ա գիտեք` ես չեմ հոգնել: Էս անում եմ, որ չմեռնեմ, բայց էս 2 օրը թարգելու եմ: Վսյո»:  «Պատճառն իրա թուլամորթությունն ա: Անընդհատ խոսք ա տալի, որ էլ չի անի, անընդհատ վիճում ենք, բայց էլ չեմ կարում, էրեխեքս մեղք են…»,-լաց լինելով ասում է Կարինեն:
Նրա ամուսինը կորցրել է ամեն ինչ: Կողքին են միայն կինն ու երեխաները, որոնք արդեն զզվանքով են խոսում «տան տղամարդու» մասին: Հիմա նրանք հազիվ են գոյատեւում. օգնում են ազգականները, Կարինեն աշխատում է, սակայն աշխատավարձը համարյա միշտ ստանում է ամուսինը:
Տնից մի տեսակ հոտ էր գալիս: «Էս բենզինի հոտն ա: Բենզին, սոդա, լուցկիներ, դե էլ չգիտեմ` ինչ ա խառնում իրար ու էփում գազի վրա, իսկ մենք թունավորվում ենք»,-արհամարհանքով ասում է Կարինեն, որի համար ապրելու միակ պատճառը իր 16 եւ 12-ամյա աղջիկներն են:
«Գլխովս էնքան բան ա անցել: Տունս մի խումբ թմրամոլ ա մտել, իսկ ես ու աղջիկներս փակվել ենք սենյակում, որ մեզ վնաս չտան, երբ անջատվեն: Պարտքատերերն են սպառնացել, իսկ միլիցաները տնիցս անպակաս են, բայց էդ նարկոշը միշտ լավ ա պրծել: Ինքն իրա սեփական տնից էլ ա գողություն արել. մեր հագած շորերն էլ ա տարել ծախել: Ինձ էլ չի հետաքրքրում` կանի՞, չի անի՞. մենակ մեզ վնաս չտա: Դրա էրեսից էրեխեքս էնքան են տուժել ու տանջվել: Մարդիկ տենց պահին մեզ օգնելու փոխարեն ծաղրում էին: Մեծս փորձել ա ինքնասպան լինի, բայց Աստված ինձ 2-րդ անգամ չպատժեց…»,-պատմեց Կարինեն: Կինը սկսեց արտասվել, հեկեկալ: Երբ հանգստացավ, ավելացրեց, որ ամուսինն իրեն անգամ փորձել է թմրամոլ դարձնել, որպեսզի հետը չվիճի, այլ ընդհակառակը, մի բան էլ օգնի:
Կարինեն ու իր աղջիկներն ինչ-որ չափով կարողացել են անցնել այդ բոլոր փորձությունների միջով: Հիմա նրանք ապրում են իրենց թմրամոլ հոր հետ, քանի որ ուրիշ ելք չունեն: Այլեւս չեն վիճում, չեն խնդրում, որ չանի: Նրանք անտարբեր են դարձել եւ այլեւս չեն ուզում լսել «էս անգամ էլ ու վերջ» արտահայտությունը:
Մարդկանց անխղճության եւ հայրական սխալի պատճառով կարող էր զոհ դառնալ մի երիտասարդ կյանք: Միգուցե այլեւս հնարավոր չէ թմրամոլ հորը հետ կանգնեցնել այդ ճանապարհից, բայց մենք` առողջ հասարակությունս, պետք է ամեն կերպ փորձենք նման մարդկանց աջակցել, ոչ թե մատնացույց անել ու ծաղրել:  
Այս ընտանիքին համբերություն ենք ցանկանում:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ




Լրահոս