Երեկ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նրա նկատմամբ մեկ ամսով կալանք է կիրառվել։
Կարապետյանը ձերբակալվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդել էր երկու ամսով կալանք կիրառել։ Նշենք, որ մինչ այդ Կարապետյանը գտնվում էր տնային կալանքի մեջ։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ այս գործով ևս 34 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով։
Այս ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանքի տակ պահելու որոշում կայացրած դատավոր Լևոն Պետրոսյանը, ինչ ճանապարհ է անցել մինչև դատավոր նշանակվելը և ինչ ունեցվածք ունի։
Ո՞վ է դատավոր Լևոն Պետրոսյանը
Լևոն Պետրոսյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 22-ին։ Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 2019 թվականին։ 2019 թվականի սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 1-ը նա աշխատել է «Ֆըրսթ Լիգլ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
2020 թվականի հունվարի 10-ից օգոստոսի 20-ը Պետրոսյանն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես փորձագետ։ Նույն թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 2-ը եղել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական։
2023 թվականի մարտի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-ը աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։ Այնուհետև՝ 2024 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, զբաղեցրել է Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնը։
2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-227-Ա հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։
Ի՞նչ ունեցվածք ունի նա
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբում դատավորի անունով անշարժ գույք առկա չի եղել։ Տարվա ընթացքում ձեռք բերված կամ օտարված անշարժ գույքի վերաբերյալ նույնպես տվյալներ չկան։ Սակայն ArmLur.am-ը արձանագրեց, որ հայտարարագրում նշված է Երևանում գտնվող բնակարան, որից դատավորը փաստացի օգտվել է տարվա ընթացքում 90 և ավելի օր։ Բնակարանի հասցեն և սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։
Դրամական միջոցներ
ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև դատավորի դրամական միջոցները։ Բանկային հաշիվներում 2025 թվականի սկզբին նա ունեցել է 383 հազար 848 դրամ, իսկ տարեվերջին այդ գումարը կազմել է 1 միլիոն 641 հազար 592 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին և վերջում մնացել են անփոփոխ՝ 500 հազար դրամ։ Այսպիսով, հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին դատավորի բանկային հաշիվներում և կանխիկ առկա միջոցները միասին կազմել են 2 միլիոն 141 հազար 592 դրամ։
Եկամուտ
ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Լևոն Պետրոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 7 միլիոն 476 հազար 46 դրամ։
Դրանից 7 միլիոն 403 հազար 203 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, որը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի միջոցով։ Եվս 72 հազար 843 դրամը հայտարարագրված է որպես այլ եկամուտ՝ «ԱրարատԲանկ» ԲԲԸ-ից։
Այսպիսով, ArmLur.am-ի ուսումնասիրությամբ՝ Լևոն Պետրոսյանի 2025 թվականի հայտարարագրում առանձնանում են 7 միլիոն 476 հազար 46 դրամի եկամուտը, տարեվերջի 2 միլիոն 141 հազար 592 դրամի դրամական միջոցները և Երևանում 90 և ավելի օր փաստացի օգտագործած բնակարանի վերաբերյալ նշումը։
Սոնա Գրիգորյան
























































































