ArmLur.am-ն այս օրերին արցախցիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ 070 կոդով հին անձնագրերը փոխելու համար չգիտեն՝ որտեղ և որ կառույցին պետք է դիմել։
Մասնավորապես, մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը պատմել է, որ ամիսներ առաջ գրանցվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Դավթաշենի բաժնում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Սակայն այդ ընթացքում լրացել է քաղաքացու 070 կոդով անձնագրի ժամկետը, ինչի հետևանքով նա չի կարողացել դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Քաղաքացին ArmLur.am-ին հայտնել է, որ դրանից հետո դիմել է «Հայփաս»-ին, սակայն այնտեղից ևս ուղղորդել են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Դավթաշենի բաժին։
Ստեղծված իրավիճակում Արցախի քաղաքացին դիմել է ArmLur.am-ին՝ խնդրելով պարզաբանել, թե որտեղ և ինչպես կարող է փոխել ժամկետանց անձնագիրը։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ ժամկետանց 070 կոդով անձնագրեր ունեցող արցախցիները կարող են դիմել իրենց բնակության վայրի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններ՝ վավերականության ժամկետ ունեցող անձնագիր ստանալու համար, որից հետո արդեն կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
ArmLur.am-ը նաև հետաքրքրվել է՝ արդյոք արցախցիները կենսաչափական անձնագիր ստանալու համար նույնպես պետք է վճարում կատարեն։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հաստատել են, որ կենսաչափական անձնագրերը տրամադրվելու են բոլորի համար հավասար պայմաններով, այդ թվում՝ արցախցիների։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում գործող նոր համակարգով կենսաչափական անձնագրի արժեքը 28 հազար 650 դրամ է, որն ուժի մեջ է լինելու 10 տարի վավերականությամբ, իսկ նույնականացման քարտի (ID) արժեքը կլինի 5 հազար 950 դրամ և կգործի 5 տարի վավերականությամբ։
Նանիկ Աղասյան






















