Armenian text to speach

10,7 մլն դրամ կանխիկ գումար և 10 հազար դոլար նվեր․ ինչ է հայտարարագրել Ավանի թաղապետի տեղակալ Արամ Թոռչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Թոռչյանը պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրում նշել է անշարժ գույք, նոր ավտոմեքենա և ավելի քան 10 միլիոն դրամ կանխիկ գումար։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա պաշտոնեական հայտարարագիրն ու կենսագրությունը՝ պարզելու, թե ինչ ունեցվածքով է նա ստանձնել պաշտոնը։

Արամ Թոռչյանը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում։ Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ծառայել ՀՀ զինված ուժերում։ Աշխատել է Երևանի մետրոպոլիտենում, այնուհետև՝ մասնավոր հատվածում։ 2022 թվականի մայիսին նշանակվել է Ավանի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից զբաղեցնում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Անշարժ գույք

Թոռչյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող բնակարան, որի 50 տոկոսի սեփականատերն է։ Գույքը ձեռք է բերել 2022 թվականի հունիսի 9-ին։

Ավտոմեքենա

Նրա սեփականությունն է նաև 2025 թվականի արտադրության «Mazda» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որը ձեռք է բերել 2025 թվականի հունիսի 25-ին։

Դրամական միջոցներ

ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ  պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բանկային հաշիվներում Թոռչյանն ունեցել է ընդհանուր 3 միլիոն 50 հազար 300 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 միլիոն 700 հազար դրամ։

Եկամուտ

Հայտարարագրում որպես եկամուտ նշված է 10 հազար ԱՄՆ դոլարի նվեր կամ օգնություն՝ ստացված հարազատից։ Բացի այդ, «Ինեկոբանկից» ստացել է 820 հազար 810 դրամ եկամտային հարկի վերադարձ, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ 3 միլիոն 441 հազար 854 դրամ աշխատավարձ։ Հայտարարագրում ներկայացված եկամուտների ընդհանուր գումարը կազմում է 7 միլիոն 921 հազար 364 դրամ, իսկ 10 հազար ԱՄՆ դոլարը նշված է առանձին՝ դոլարով։

Պարտավորություններ

ArmLur.am-ը արձանագրեց,  որ Արամ Թոռչյանը հայտարարագրել է նաև վարկային պարտավորություններ։ Դրանցից մեկը կազմում է 9 միլիոն 495 հազար 940 դրամ, մյուսը՝ 26 հազար 35 ԱՄՆ դոլար, իսկ երրորդ վարկի մայր գումարի մնացորդը՝ 13 միլիոն 792 հազար 775 դրամ։ Հայտարարագրում պարտավորությունների ընդհանուր չափը նշված է 32 միլիոն 814 հազար 140 դրամ 45 լումա։

Այսպիսին է Ավանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Թոռչյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած գույքային և ֆինանսական պատկերը։

Սոնա Գրիգորյան 




Մամուլի Տեսություն

Լրահոս