Ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ։ Նույն հրամանով նա ազատվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից։
ArmLur.am-ը ուսումնասիրել է նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը, աշխատանքային ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ով է նա և ինչ ունեցվածք ունի։
Ո՞վ է Արսեն Ոսկանյանը
Արսեն Ոսկանյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 17-ին՝ Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում։ 2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի բակալավրիատը, իսկ 2014 թվականին՝ մագիստրատուրան։
Նրա աշխատանքային ուղին սկսվել է 2009 թվականին, երբ նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ։
Հետագայում աշխատել է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզային ստորաբաժանումներում։ Զբաղեցրել է քրեական հետախուզության օպերլիազորի, բաժանմունքի պետի, բաժնի պետի և մարզային վարչության պետի պաշտոններ։
2019 թվականին եղել է Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի պետը, 2020 թվականին՝ Դիլիջանի բաժնի պետը, ապա՝ Մասիսի բաժնի պետը։ 2021-2023 թվականներին ղեկավարել է Արտաշատի բաժինը, 2023-2024 թվականներին՝ Վաղարշապատի բաժինը, 2024-2025 թվականներին՝ Շիրակի մարզային վարչությունը։
2025-2026 թվականներին ղեկավարել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունը, իսկ 2026 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ։
Անշարժ գույք
ArmLur.am-ը ուսումնասիրեց Ոսկանյանի 2025 թվականի հայտարարագիրը և պարզեց, որ նրա անունով առկա է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող հողամասի 1/5 բաժնեմաս։ Այն ձեռք է բերվել 2000 թվականի մայիսի 15-ին։
Նույն վայրում նա ունի նաև ինքնակամ կառույցի 1/5 բաժնեմաս, որը ձեռք է բերվել 2001 թվականի մայիսի 15-ին։
Բացի այդ, Ոսկանյանը համատեղ սեփականության իրավունքով ունի բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակարանը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ գնման եղանակով։
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից որևէ մեկը չի օտարել։
Տրանսպորտային միջոցներ
ArmLur.am-ը արձանագրեց, որ ոստիկանության նորանշանակ պետի տեղակալը 2025 թվականի հայտարարագրում որևէ տրանսպորտային միջոց չի նշել։
Դրամական միջոցներ
Հետաքրքիր է նաև նրա կանխիկ դրամական միջոցների պատկերը։
Եթե 2025 թվականի սկզբին Ոսկանյանն ունեցել է 2,800 ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին այդ գումարը կազմել է 4,250 դոլար։
Հայկական դրամով նրա կանխիկ միջոցները տարվա սկզբի 3 միլիոն 800 հազար դրամից տարեվերջին դարձել են 5 միլիոն 360 հազար դրամ։
Փաստորեն, մեկ տարվա ընթացքում նրա կանխիկ դոլարային միջոցներն ավելացել են 1,450 դոլարով, իսկ դրամային միջոցները՝ 1 միլիոն 560 հազար դրամով։
Եկամուտներ
ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև նորանշանակ պաշտոնյայի եկամուտները։ 2025 թվականի ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 21 միլիոն 270 հազար 858 դրամ։
Այդ գումարից 11 միլիոն 838 հազար 287 դրամը ստացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
ՀՀ կենտրոնական գանձապետարանից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 3 միլիոն 4 հազար 571 դրամ, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ 468 հազար դրամ միանվագ վճար։
Ոսկանյանը եկամուտ է ունեցել նաև անշարժ գույքի վարձակալությունից։ Գոռ Հովակիմյանից ստացած վարձավճարը կազմել է 2 միլիոն 160 հազար դրամ։
Բացի այդ, հայտարարագրում որպես այլ եկամուտ նշված է սեփական հողամասից և ջերմատնից ստացված 3 միլիոն 800 հազար դրամը։
Վարկային պարտավորություններ
ArmLur.am-ը պարզեց նաև, որ Արսեն Ոսկանյանն ունի հիփոթեքային վարկ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 22 միլիոն 37 հազար 371 դրամ։ Վարկը տրամադրվել է բնակարանի ձեռքբերման նպատակով։
Այսպիսով, ոստիկանության նորանշանակ պետի տեղակալը 2025 թվականի հայտարարագրով ներկայացրել է Մխչյանում հողամասի և ինքնակամ կառույցի բաժնեմասեր, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բնակարան, ավելի քան 21 միլիոն դրամի տարեկան եկամուտ, 5 միլիոն 360 հազար դրամ և 4,250 դոլար կանխիկ միջոցներ, ինչպես նաև ավելի քան 22 միլիոն դրամի հիփոթեքային պարտավորություն։
Սոնա Գրիգորյան



























