MPG (Marketing Professional Group) ընկերությունը, որը հանդիսանում է Gallup International Association-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ներկայացրել է հանրային կարծիքի հերթական հարցման արդյունքները։ Հետազոտության շրջանակներում քաղաքացիներին խնդրել են գնահատել ՀՀ կառավարության և պատասխանատու պետական մարմինների արձագանքը Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին։
ArmLur.am -ը ուսումնասիրել է արդյունքները։
Արդյունքների համաձայն՝ հարցվածների ուղիղ 50%-ը կառավարության արձագանքը գնահատել է «ընդհանրապես բացասական»։ Եվս 13.2%-ը հակված է բացասական գնահատականի՝ ընտրելով «ավելի շուտ բացասական» տարբերակը։ Այսպիսով, հարցվածների ճնշող մեծամասնությունը դժգոհություն է հայտնել պետական կառույցների ձեռնարկած քայլերից։
Իշխանությունների արձագանքից գոհ է քաղաքացիների փոքրամասնությունը․ «լիովին դրական» պատասխանն է ընտրել հարցվածների 9.2%-ը, իսկ «ավելի շուտ դրական»՝ 11.1%-ը։ Հարցվածների 16.5%-ն էլ դժվարացել է պատասխանել հարցին։
Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է 2026 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով։ Հետազոտությանը մասնակցել է 1001 բաժանորդ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ ընտրանքային սխալը կազմում է ±3%: Ընտրանքի ձևավորման համար կիրառվել է բազմաստիճան քվոտային եղանակ՝ ներառելով Երևանի բոլոր համայնքները, 10 մարզերի մարզկենտրոնները, այլ քաղաքներն ու գյուղական բնակավայրերը՝ ըստ բնակչության համամասնական բաշխման, իսկ հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացման միջոցով:

Անի Վարդանյան




























