Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի վարած «Kia», 56-ամյա Արմեն Գ․-ի վարած «LiXiang» և 33-ամյա Արտակ Դ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել շենքի շինհրապարակում կայանված բետոն մղող տեխնիկային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռուբեն Պապիկյանը և պարեկ Մնացական Մելքոնյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Կարապետ Ա․-ն, ով «Daroink» հրուշակեղենի և պարենային ապրանքների արտադրական ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է, եղել է ոչ սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաների մի մասը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։




























