Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում, «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Renault»-ի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունները։




























