Ֆրանսիայի կրթական ոլորտի արհմիությունները նոյեմբերի 10-ին նոր գործադուլ են հայտարարել՝ համաձայն կազմակերպությունների տարածած համատեղ հայտարարության։
«Մենք կոչ ենք անում երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, անցկացնել գործողությունների օր՝ ներառյալ ցույցեր, հանրահավաքներ, գործադուլներ և այլ միջոցառումներ, որոնց կմասնակցեն երիտասարդներ, ինչպես նաև ազգային կրթության, բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտների աշխատակիցներ», – ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունները շեշտել են, որ ցածր աշխատավարձը կրթական ոլորտի աշխատողների համար հիմնական մտահոգությունն է։ Ուստի նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային ավելի լավ պայմաններ, ֆինանսավորման ավելացում, նոր աշխատատեղերի ստեղծում, ուսումնական միջավայրի բարելավում, պետական գիտահետազոտական հաստատությունների պահպանում, ինչպես նաև 2027 թվականի բյուջեում աշխատատեղերի կրճատման բացառում։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի ավագ դպրոցների աշակերտները դուրս են եկել փողոց՝ պահանջելով բարելավել պայմաններն իրենց դպրոցներում։ Ավելի ուշ նրանց միացել են այն մարդիկ, ովքեր դժգոհ էին գների աճից, և ցույցերը տարածվել են նաև այլ շրջաններում։
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն ամենամեծն էր։ Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ դրան մասնակցել է մոտ 550 000 մարդ։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։




























