Հայաստանի հավաքականը Տաշքենդում կայացած սամբոյի 2026 թվականի աշխարհի առաջնության վերջին օրը նվաճեց ևս երկու մեդալ։ Գևորգ Ազատյանը դարձավ արծաթե, իսկ Եկատերինա Ժիգալովան՝ բրոնզե մեդալակիր։ Հայաստանի թիմը մրցաշարն ավարտեց հինգ մեդալով՝ երկու արծաթե և երեք բրոնզե, հաղորդում է sportadaran.com-ը։
Մարտական սամբոյի մինչև 79 կգ քաշային կարգում Գևորգ Ազատյանը տարավ չորս հաղթանակ՝ հաջորդաբար առավելության հասնելով Ղազախստանի, Մավրիտանիայի, Վրաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների նկատմամբ։ Լարված եզրափակչում հայ սամբիստը նվազագույն՝ 2:3 հաշվով զիջեց ռուսաստանցի Ասլանբեկ Կոձաևին և նվաճեց արծաթե մեդալ։
Եկատերինա Ժիգալովան բրոնզե մեդալակիր դարձավ կանանց մարտական սամբոյի մինչև 80 կգ քաշային կարգում։ Նա հաղթեց Ֆիլիպինների ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում պարտվեց Ղազախստանի մարզուհուն։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Նադեժդա Տատարչենկոն։
Վերջին օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչները մնացին առանց մեդալների։
Մարզական սամբոյի մինչև 71 կգ քաշային կարգում Արամ Աղաջանյանը հաղթեց Սիրիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, սակայն քառորդ եզրափակչում զիջեց ռուսաստանցի մրցակցին։ Ոսկե մեդալը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Ամուր Կուատայը։
Մինչև 98 կգ քաշային կարգում Արսեն Հայրապետյանը ելույթը սկսեց ադրբեջանցի սամբիստից կրած պարտությամբ, ապա սփոփիչ գոտեմարտում զիջեց Վրաստանի ներկայացուցչին։ Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Անտոն Կոնովալովը։
Մարտական սամբոյի 98 կգ-ից բարձր քաշային կարգում Մխիթար Թեմուրյանը հաղթեց վրացի մարզիկին, ապա պարտվեց ֆրանսիացի մրցակցին։ Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց ռուսաստանցի Միխայիլ Մոխնատկինը։






















