Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման դիմում դեռ չի ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս չի ստացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դիմումը` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով: Այս մասին armlur.am-ին հայտնեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Նա  նշեց, որ սակագնի վերանայման համար սահմանված է 90 օր: Ինչը նշանակում է, որ դիմումը ստանալուց  հետո երեք ամսվա ընթացքում հանձնաժողովը պետք է քննարկի և հաստատի կամ մերժի էլ. ցանցերի առաջարկը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ` պարզելու համար, թե վերջինս սակագնի բարձրացման հայտով դիմե՞լ է հանձնաժողովին, թե ոչ: Սակայն ՀԷՑ-ը դեռևս տեղյակ չէր: Նրանք խոստացան պարզելուց հետո տեղեկություն տալ մեզ այդ մասին: Սակայն օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց այդ տեղեկատվությունը ճշտել ՀԷՑ-ից՝ մամուլի հարցերով պատասխանատուն կամ զբաղված էր, կամ տեղում չէր:

Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով: Ըստ այդ տեղեկությունների, սակագինը 38 դրամ/կվտ.ժ-ից կարող է հասնել 45 դրամի:




Լրահոս