«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք դժգոհում են երեխաների անձնագրերի տրամադրման նոր կարգից և դրա հետևանքով առաջացած ֆինանսական բեռից։
Խնդիրն առաջացել է նոյեմբերի 1-ից Հայաստանում նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի ներդրմամբ։ Այսուհետ կապույտ՝ հին նմուշի անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին տրամադրվում է կենսաչափական անձնագիր, որի արժեքը 28 հազար 650 դրամ է։
Ծնողների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ մինչև 6 տարեկան երեխաների անձնագրերը տրվում են ընդամենը երեք տարի վավերականության ժամկետով։ Այսինքն՝ եթե ընտանիքը ցանկանում է երեխայի համար անձնագիր ունենալ և նրա հետ պարբերաբար մեկնել արտերկիր, ստիպված է լինելու երեք տարին մեկ կրկին դիմել անձնագիր ստանալու համար և վճարել 28 հազար 650 դրամ։
Ստացվում է՝ նույն գումարով չափահաս քաղաքացին կենսաչափական անձնագիր է ստանում 10 տարի ժամկետով, իսկ մինչև 6 տարեկան երեխայի դեպքում այն ուժի մեջ է ընդամենը երեք տարի։ Ավելին՝ 6-ից 16 տարեկան երեխաների անձնագրերը ևս ունեն սահմանափակ՝ հինգ տարվա վավերականության ժամկետ։
Ծնողները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ պետք է անչափահաս երեխայի անձնագրի համար վճարեն չափահաս քաղաքացու անձնագրին համարժեք գումար, այն դեպքում, երբ փաստաթուղթը շատ ավելի կարճ ժամկետով է տրվում։
Հատկանշական է, որ ՆԳՆ-ն հայտարարել է՝ նախկին նմուշի՝ դեռևս վավերական անձնագրերը պարտադիր փոխելու անհրաժեշտություն չկա, դրանք ուժի մեջ են մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը։ Սակայն երբ երեխայի անձնագրի ժամկետը լրանում է, նոր անձնագիր ստանալու համար ծնողն արդեն պետք է վճարի նոր սահմանված գումարը։
Այսպիսով՝ նոր կենսաչափական համակարգի ներդրումը ծնողների համար առաջացրել է ոչ միայն փաստաթղթավորման նոր ընթացակարգերի, այլև ֆինանսական բեռի հարց։ Մնում է հասկանալ՝ արդյոք պետությունը նախատեսում է որևէ արտոնություն կամ սակագնային տարբերակ երեխաների անձնագրերի համար, թե ծնողները երեք տարին մեկ ստիպված են լինելու վճարել նույն գումարը՝ երեխայի արտերկիր մեկնելու հնարավորությունը պահպանելու համար։
Սոնա Գրիգորյան
























































































