G7-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 9-ից Փարիզում երկօրյա հանդիպում կանցկացնեն, որի օրակարգում կլինեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, դրա կարգավորման հեռանկարները և Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր ռազմական գործողությունները։
Ինչպես հայտնում է France 24-ը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները կքննարկեն միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Եվրոպական երկրները մտադիր են Վաշինգտոնին հորդորել հասնել Ուկրաինայի համար արդարացի խաղաղության համաձայնության և զերծ մնալ Իրանի դեմ նոր ռազմական հարվածներից։
Հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը կմասնակցի քննարկումների երկու օրերին։ Ի տարբերություն մարտին կայացած հանդիպման՝ այս անգամ նա ներկա կլինի ամբողջ միջոցառմանը։ Սա Ռուբիոյի առաջին արտասահմանյան այցն է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո։
G7-ի հանդիպումը համընկնում է Ուկրաինայի պատերազմի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ նախատեսված բանակցությունների հետ։ Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում նախատեսվում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ։ Եվրոպական երկրները մտահոգված են, որ Կիևը կարող է ստիպված լինել ընդունել իր համար անբարենպաստ պայմաններ։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ եվրոպական կողմը նույնպես ներկայացված կլինի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կմասնակցի այդ քննարկումներին։
Քննարկումների մյուս կարևոր թեման Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածների հնարավորությունը, այդ թվում՝ Փիքաքս լեռան շրջանում գտնվող ենթադրյալ միջուկային օբյեկտի ուղղությամբ։ Թեհրանը, սակայն, հերքում է, որ այդ տարածքում նման հաստատություն կա։
Եվրոպական երկրները շահագրգռված են Իրանի հետ իրավիճակի կարգավորմամբ և Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն վերականգնմամբ։ Նեղուցը էներգակիրների միջազգային փոխադրումների կարևորագույն ուղիներից է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։
G7-ի հանդիպման շրջանակում Փարիզում նախատեսված է նաև դոնորների համաժողով, որի նպատակն է միջոցներ հավաքել Չեռնոբիլի ատոմակայանի պայթած ռեակտորը պաշտպանող կառույցի վերականգնման համար։ Այն վնասվել էր անցած տարի ռուսական հարվածի հետևանքով։ Վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 500 միլիոն եվրո, սակայն մինչ այժմ հավաքվել է այդ գումարի միայն կեսից փոքր-ինչ ավելին։
Նշենք, որ Ֆրանսիան G7-ի նախագահությունը կփոխանցի ԱՄՆ-ին 2027 թվականին։
Անի Վարդանյան
























































































