Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են երկու երկրների սերտ հարաբերությունները՝ փորձելով փարատել վերջին շրջանում դրանց վատթարացման մասին տարածվող տեղեկությունները։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, երկու նախագահները նոյեմբերի 8-ին հանդիպել են Ադրբեջանի Շուշի քաղաքում, որտեղ Էրդողանը մասնակցել է Ադրբեջանի այպես կոչված “Հաղթանակի օրվա” միջոցառումներին։
Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածության մասին խոսակցություններ էին տարածվել՝ կապված մի քանի հարցերի հետ։ Մասնավորապես, Թուրքիայում քննադատության էր արժանացել Ադրբեջանի որոշումը՝ դպրոցներում աշակերտուհիներին և ուսուցիչներին արգելել իսլամական գլխաշոր կրել։ Բացի այդ, տարաձայնությունների պատճառներից մեկն էլ Բաքվի և Իսրայելի միջև խորացող հարաբերություններն են։
Լարվածությունն առավել տեսանելի դարձավ այն բանից հետո, երբ սեպտեմբերին Թուրքիայի սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ ներկայացուցիչներ քննադատեցին Ադրբեջանի որոշումը։ Բաքուն դժգոհություն հայտնեց՝ դա դիտարկելով որպես իր ներքին գործերին միջամտություն, թեև Թուրքիայի կառավարությունը պաշտոնական հայտարարություն չէր արել գլխաշորերի արգելքի վերաբերյալ։
Իրավիճակը մեղմելու նպատակով Էրդողանը անձամբ զանգահարել էր Ալիևին՝ նրան հրավիրելով հոկտեմբերի 30-ին Թուրքիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Բացի այդ, Էրդողանը պաշտոնանկ էր արել իր խորհրդական Օքթայ Սարալին, որը սոցիալական ցանցերում քննադատել էր գլխաշորերի արգելքը։ «Cumhuriyet» թերթի և մի շարք այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ որոշումը կայացվել էր Ալիևի պահանջով։
Սակայն Ալիևը չէր մասնակցել Անկարայում կայացած գագաթնաժողովին՝ փոխարենը պատվիրակելով իր արտգործնախարարին։ Այս հանգամանքը ևս ավելի էր ուժեղացրել երկու երկրների հարաբերությունների վատթարացման մասին ենթադրությունները։
Շուշիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը գերազանցում է ընդհանուր լեզվի, պատմության և մշակույթի սահմանները։
«Մենք Բաքվի ուրախությունը համարում ենք Անկարայի ուրախությունը, իսկ Շուշիի հպարտությունը՝ մեր ամբողջ ժողովրդի հպարտությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները պատմության ընթացքում հաղթահարել են բազմաթիվ փորձություններ, իսկ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով բնորոշվող միասնությունը հավերժական է։
Այսպիսով, երկու երկրների նախագահները հրապարակային հայտարարություններով փորձել են վերահաստատել դաշնակցային հարաբերությունները՝ չնայած վերջին ամիսներին ի հայտ եկած տարաձայնություններին։
Անի Վարդանյան
























