Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն կնվազի, ՏԿԵ նախարարությանը՝ կավելանա 37 մլրդ դրամով․ որքան գումար կստանան գերատեսչությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2027 թվականի պետական բյուջեի նախագծով մի շարք պետական գերատեսչությունների ֆինանսավորումը կփոխվի․ որոշ կառույցների հատկացումները կավելանան, իսկ որոշներինը՝ կնվազեն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությանը 2027 թվականին նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 138 մլն դրամ։ Սա 2026 թվականի ցուցանիշից 2 մլրդ 561 մլն դրամով պակաս է։ Նախարարի խոսքով՝ նվազումը պայմանավորված է նրանով, որ 2026 թվականին բյուջեով նախատեսված էին Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման և անցկացման ծախսերը։ Կապիտալ ծախսերը նույնպես կնվազեն 254 մլն դրամով։

Ի տարբերություն Շրջակա միջավայրի նախարարության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորումը զգալիորեն կավելանա։ 2027 թվականի համար նախատեսվում է հատկացնել 362 մլրդ դրամ՝ 2026 թվականի պլանային ցուցանիշից 37 մլրդ դրամով ավելի։ Նախարարության կապիտալ ծախսերը կկազմեն 165 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 12 մլրդ 933 մլն դրամով։

2027 թվականի բյուջեի նախագծով Երևան քաղաքին տարբեր պետական մարմինների միջոցով նախատեսվում է տրամադրել ընդհանուր 52 մլրդ 173 մլն դրամ։ Այդ գումարից 27 մլրդ դրամը կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, իսկ 25 մլրդ դրամը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գծով։

Ինչ վերաբերում է մարզպետարաններին, ապա 2027 թվականին նրանց աշխատակազմերին ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել 5 մլրդ 106 մլն դրամ։

Հատկացումները բաշխվելու են հետևյալ կերպ՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝ 493 մլն դրամ, Արարատի մարզպետի աշխատակազմին՝ 464 մլն դրամ, Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ 486 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 588 մլն դրամ, Լոռու մարզպետի աշխատակազմին՝ 557 մլն դրամ, Կոտայքի մարզպետի աշխատակազմին՝ 517 մլն դրամ, Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 554 մլն դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ 490 մլն դրամ, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին՝ 445 մլն դրամ, Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ 506 մլն դրամ։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորմանը՝ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2027 թվականին նախատեսվում է հատկացնել 605 մլն 900 հազար դրամ։ Սա նախորդ տարվա համեմատ 3 մլն 818 հազար դրամով ավելի է։

Նշված գումարից 10 մլն 165 հազար դրամը կապիտալ ծախսերն են, իսկ ընթացիկ ծախսերը կկազմեն մնացած մասը։ Միաժամանակ ընթացիկ ծախսերը նախորդ տարվա համեմատ կնվազեն 6 մլն 347 հազար դրամով։

Այսպիսով, 2027 թվականի բյուջեի նախագծով առավել զգալի ավելացում է նախատեսված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար, մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարության հատկացումները կնվազեն՝ հիմնականում COP17-ի կազմակերպման ծախսերի՝ 2026 թվականի բյուջեում ներառված լինելու պատճառով։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս