Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել 2 մլրդ դրամ։ Սակայն եթե շինարարական աշխատանքներն ընթանան նախատեսվածից ավելի արագ, կառավարությունը պատրաստ է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ունի, որ կայարանի շինարարական աշխատանքների ծավալների կամ ընթացքի արագացման դեպքում լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։
«Մեր կարծիքով՝ հաջորդ տարվա համար 2 մլրդ դրամից ավելի նախատեսելը իրատեսական չէր լինի։ Այդ գումարը հատկացրել ենք այն հաշվարկով, որ եթե հաջողություն ունենանք, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ ընթանան, լրացուցիչ գումարներ կավելացնենք»,- ասել է նախարարը։
Հովհաննիսյանը նաև նշել է, որ առանձին ծրագրերով միջոցներ են նախատեսվում մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և զարգացման համար։
Նախարարը հիշեցրել է, որ Երևանի մետրոպոլիտենը պետական ենթակառուցվածք է, որը կառավարման նպատակով հանձնված է Երևանի քաղաքապետարանին։ Միևնույն ժամանակ, կառավարությունը սուբսիդավորում է նաև մետրոպոլիտենի ուղևորափոխադրումները։
Այսպիսով, 2027 թվականի բյուջեի նախագծով «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված է 2 մլրդ դրամ, իսկ շինարարության տեմպերի արագացման դեպքում ֆինանսավորումը կարող է ավելացվել։
Անի Վարդանյան


















































































