ArmLur.am-ը գրել էր, որ կաթնամթերք մի շարք արտադրատեսակներում արձանագրվել են խախտումներ, այդ թվում՝ աղիքային ցուպիկի մանրէներ և խմորասնկերի, բորբոսասնկերի ցուցանիշով անհամապատասխանություններ:
«Երեմյան» ընկերությունը իր պաշտոնական հայտարարության մեջ հերքել է խախտումները՝ նշելով, որ «Երեմյան» կաթնամթերքի արտադրանքը անցել է Հայաստանում գործող միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաների անկախ փորձաքննությունները: Արդյունքում խախտում կամ շեղում չի հայտնաբերվել: Նաև պահուստային նմուշները բարեհաջող անցել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի լաբորատոր փորձաքննությունները:
«Մարիանա» ընկերությունը համաձայն չէ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հրապարակած հետազոտությունների հետ և հերքում է իր արտադրանքի վտանգավոր լինելը: Ընկերությունը նշում է, որ կիրառում են սննդամթերքի անվտանգության կառավարման ISO 22000 համակարգ։ Արտադրությունն իրականացվում է միջազգային նորմերի և սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջների պահպանմամբ։
«Մարիլա» ընկերությունը հայտնել է, որ ընկերության կաթնաշոռի վերաբերյալ համացանցում տարածված խախտումները իրականությանը չեն համապատասխանում: Ընկերությունը ունի իր լաբորատորիան, որտեղ իրականացվում են յուրաքանչյուր օրվա արտադրանքի փորձաքննությունները, նաև արտադրանքը պարբերաբար փորձաքննություններ է անցնում Հայաստանի լիցենզավորված լաբորատորիաներում:
Իսկ «Արզնի» կաթնամթերքի «կաթ պաստերացված 3.2 տոկոս» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է: «Արզնի» կաթնամթերքի «կաթ պաստերացված 3.2 տոկոս» արտադրատեսակի կրկնակի փորձաքննության ժամանակ խախտումներ չեն արձանագրվել և կասեցումը վերացել է: «Արզնի» կաթնամթերք ընկերությունը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ առաջիկայում կհրապարակեն փորձաքննության արդյունքները:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը հայտնել է, որ աղիքային ցուպիկի խմբի մանրէնները երկրորդային աղտոտման հետևանք է: Այն կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգենիկ պայմանների անբավարարության, մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին: Աղիքային ցուպիկի խմբի մանրէնների ոչ բոլոր տեսակներն են ախտածին: Դրանց մի մասը հանդիպում է շրջակա միջավայրում և կարող է հիվանդածին չհանդիսանալ:
Վիկտորյա Բուդաղյան

























