Ռուսաստանի Պետդումայի քրեական և վարչական օրենսդրության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է բարձրացնել մի շարք վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը։ Փոփոխությունների թվում են նաև Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկման համար սահմանվող տուգանքները։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, օրինագիծը ներկայացվել է Ռուսաստանի կառավարության կողմից հոկտեմբերին։ Հանձնաժողովը խորհուրդ է տվել այն ընդունել առաջին ընթերցմամբ։
Նախագծով՝ զինված ուժերի վարկաբեկման համար քաղաքացիների տուգանքը կարող է կազմել 35 հազարից մինչև 50 հազար ռուբլի։ Ներկայումս այն կազմում է 30 հազարից մինչև 50 հազար ռուբլի։ Պաշտոնատար անձանց համար տուգանքը նախատեսվում է սահմանել 200 հազարից մինչև 370 հազար ռուբլի՝ ներկայիս 100-200 հազարի փոխարեն, իսկ իրավաբանական անձանց համար՝ 600 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի՝ ներկայիս 300-500 հազարի փոխարեն։
Առաջարկվում է էականորեն բարձրացնել նաև ծայրահեղական նյութերի զանգվածային տարածման համար տուգանքները։ Քաղաքացիների համար դրանք կարող են կազմել 50 հազարից մինչև 100 հազար ռուբլի՝ ներկայիս 1-3 հազարի փոխարեն։ Պաշտոնատար անձանց համար նախատեսվում է 100-200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 800 հազարից մինչև 2 միլիոն ռուբլի։
Օրինագծով նախատեսվում է խստացնել նաև հանրահավաքների, ցույցերի, երթերի կազմակերպման կանոնների խախտման համար պատիժները։ Առանց համապատասխան ծանուցման հանրային միջոցառում կազմակերպելու դեպքում քաղաքացիները կարող են տուգանվել 30-50 հազար ռուբլով, պաշտոնատար անձինք՝ 40-80 հազար ռուբլով, իսկ իրավաբանական անձինք՝ 130-370 հազար ռուբլով։
Բարձրացվելու են նաև անչափահասներին ալկոհոլ վաճառելու համար սահմանվող տուգանքները։ Քաղաքացիների համար դրանք կարող են կազմել 60-100 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 200-300 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 560-900 հազար ռուբլի։
Փոփոխություններ են նախատեսվում նաև մանր խուլիգանության, իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու, հասարակական վայրերում ծխելու և ալկոհոլ օգտագործելու համար սահմանվող տուգանքների մասով։ Մասնավորապես, հասարակական վայրերում ծխելու համար տուգանքը կարող է բարձրանալ մինչև 1-3 հազար ռուբլի՝ ներկայիս 500-1500 ռուբլու փոխարեն։
Օրինագիծը նախատեսում է բարձրացնել նաև սահմանված ժամկետից ավելի առանց գրանցման բնակվելու, առանց անձնագրի կամ անվավեր անձնագրով բնակվելու, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու և արտակարգ իրավիճակների կանխարգելման պահանջները չկատարելու համար նախատեսված տուգանքները։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ տուգանքների չափերի ինդեքսավորումը նպատակ ունի դրանք համապատասխանեցնել Ռուսաստանում առկա տնտեսական իրավիճակին և պահպանել պատժի ու իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանի միջև համաչափությունը։
Նշենք, որ խոսքը դեռևս օրինագծի մասին է, որը Պետդումայում պետք է անցնի օրենսդրական քննարկումների փուլերը։
Անի Վարդանյան




























