ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը նոյեմբերի 10-12-ը ներառյալ գործուղվելու է Թուրքիայի Հանրապետություն՝ Ստամբուլ։
ArmLur.am-ը ուսումնասիրեց վարչապետի N 1107-Ա որոշումը և պարզեց, որ Սինանյանը Թուրքիա միայնակ չի մեկնում , այլ երկու աշխատակցի ուղեկցությամբ։
Մասնավորապես, գործուղման են մեկնելու նաև վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։
Որոշման համաձայն՝ Ստամբուլ այցի նպատակն է հանդիպումներ անցկացնել հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչների հետ։
Նախատեսվում է ամրապնդել առկա կապերը և քննարկել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
ArmLur.am-ը նաև արձանագրեց, որ երեք պաշտոնյաների գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված՝ «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից։
Գործուղումից վերադառնալուց հետո Զարեհ Սինանյանը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան հաշվետվություններ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
Անի Վարդանյան




























