Armenian text to speach

ՖՈՏՈ․Որտե՞ղ է տեղի ունեցել Արթուր Ալեքսանյանի հարսանիքը, ովքեր են ներկա եղել և ով է նրա ընտրյալը․ մանրամասներ ու լուսանկարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։ Մարզիկի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, սակայն մինչ այժմ նա հանրությունից գաղտնի էր պահում իր ընտրյալին։

ArmLur.am-ը նկատեց, որ միայն երեկ համացանցում հրապարակվել է նորապսակների լուսանկարը՝ պսակադրության արարողությունից։ Կադրում Արթուր Ալեքսանյանն ու նրա հարսնացուն՝ Անին, կանգնած են խորանի մոտ։ Լուսանկարում առաջին անգամ հանրությանն է ներկայացել մարզիկի ընտրյալը, որի մասին մինչ այս գրեթե տեղեկություններ չէին հրապարակվում։

Արթուր Ալեքսանյանի կինը՝ Անին, նույնպես Գյումրիից է։ Զույգը պսակադրվել է Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում, իսկ տոնական միջոցառումը շարունակվել է քաղաքի Four Seasons հյուրանոցում։

Հարսանիքն անցկացվել է նեղ շրջանակում՝ հարազատների, մտերիմների և ընկերների մասնակցությամբ։ Հյուրերի թվում եղել են նաև հայկական ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ։

Երեկոյի երաժշտական մասը ևս բավականին հագեցած է եղել։ Հյուրերի համար ելույթ են ունեցել Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ երգիչներ։ Հարսանեկան արարողությունից կադրեր են հրապարակվել նաև սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ըմբիշ Հայկ Մելիքյանը տեսանյութեր է տարածել տոնակատարությունից։

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 35 տարեկան։ Նա Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն։

Հիշեցնենք նաև, որ մարզիկը վերջերս ողնաշարի վիրահատության էր ենթարկվել և դրա պատճառով բաց էր թողել Աստանայում կայացած աշխարհի առաջնությունը։ Այժմ նա վերականգնողական շրջան է անցնում։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս