Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 54 և 63 տարեկան երկու բնակիչ պահում և իրացնում են թմրամիջոց, նաև այդ օրը պատրաստվում են ինչ-որ մեկին թմրամիջոց իրացնել։
Արմավիրի մարզի գումարտակի պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված անձինք Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Լեքսուս» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Վաղարշապատի բաժին։
Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում կար թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։ «Լեքսուս» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ ձերբակալվածները՝ նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է 92 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Կատարվում է նախաքննություն։




























