Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերջին շրջանում սննդի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների գործունեության կասեցման մասին հրապարակումները շարունակում են հանրային մտահոգության առիթ դառնալ։ Սպառողների մոտ հարց է առաջանում՝ որքանո՞վ են արդյունավետ վերահսկողության մեխանիզմները, և ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում՝ սննդամթերքի անվտանգության կանոնների խախտումները բացառելու համար։
ArmLur.am-ը կապ է հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խախտումները կանխելու և դրանց կրկնությունը բացառելու ուղղությամբ։
Մեր զրուցակցի խոսքով՝ հայտնաբերվող խախտումները հիմնականում նոր չեն, այլ հաճախ կրկնվող բնույթ ունեն։ Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնում է ռիսկերի գնահատման հիման վրա՝ տնտեսավարողների հետ աշխատանքներ տանելով և նրանց իրազեկելով սահմանված պահանջների մասին։
«Խախտումները հիմնականում նույնությամբ կրկնվում են։ Այնպես չէ, որ նոր բաներ են հայտնաբերվել։ Ռիսկերի հիման վրա կատարվում են վերահսկիչ գործողություններ։ Դրանք են՝ իրազեկում, տնտեսավարողների հետ աշխատանքներ։ Խախտումների դեպքում՝ վարչական տուգանք և կասեցում»,- նշել է ՍԱՏՄ ներկայացուցիչը։
Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է փոխվում այն դեպքում, երբ տնտեսվարողը, արդեն իսկ ենթարկվելով վերահսկողության, շարունակում է նույն խախտումները թույլ տալ։
Այս հարցին ի պատասխան՝ ՍԱՏՄ Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը պարզաբանել է, որ նույնիսկ մեկ խախտման արձանագրման դեպքում տվյալ ընկերությունը հայտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։
«Նույնիսկ մեկ խախտման դեպքում ընկերությունը հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Եթե խախտումը կրկնվում է, բնականաբար, իրականացվում են տուգանքներ և կրկին կասեցումներ։ Տնտեսվարողը կամ կազմակերպությունը դառնում է բարձր ռիսկային տնտեսվարող կամ կազմակերպություն և բոլոր տարիներին հայտնվում է ստուգումների պլանում»,- ասել է նա։
Այսպիսով, ՍԱՏՄ-ի ներկայացմամբ՝ վերահսկողությունը չի սահմանափակվում միայն խախտումն արձանագրելով և գործունեությունը կասեցնելով․ կրկնվող խախտումներ թույլ տվող տնտեսվարողները հայտնվում են բարձր ռիսկայինների շարքում և հետագայում ևս ենթակա են լինում վերահսկողության։
Մինչդեռ հանրության համար առանցքային հարցը մնում է այն, թե որքանով են այս միջոցները նպաստում սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանմանը, որպեսզի սպառողը վստահ լինի, որ իր գնած սննդամթերքը չի վտանգում իր առողջությունը։




























