Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Հոսուր քաղաքում գտնվող Tata Electronics-ի գործարանում մահացել է երեք պայմանագրային աշխատող։ Գործարանը Apple-ի համար iPhone-ների բաղադրիչներ է արտադրում։
Նահանգային պաշտոնյայի խոսքով՝ աշխատողները մահացել են կեղտաջրերի մաքրման կայանի վերանորոգման աշխատանքների ժամանակ՝ արտաքին բաքը ստուգելիս գազ շնչելու հետևանքով։
Դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել Apple-ը, Tata-ն և նահանգային իշխանությունները։ Nalco Water ընկերությունը, որի ենթակապալառուի աշխատակիցներն են եղել մահացածները, հայտնել է, որ համագործակցում է տեղական իշխանությունների հետ։
Նշվում է, որ միջադեպը չի ազդել արտադրության վրա, քանի որ գործարանը փակ է եղել Դիփավալի տոնի կապակցությամբ։
Հնդկաստանն Apple-ի՝ Չինաստանից հետո երկրորդ կարևոր արտադրական կենտրոնն է։ Աշխարհի iPhone-ների մոտ մեկ քառորդն այժմ արտադրվում է Հնդկաստանում։






















