«Ժողովուրդ». Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը
Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո նրա պաշտոնավարման հարցը քննարկվել է երեկ՝ նոյեմբերի 10-ին, դպրոցի ծնողական ժողովում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչով մարիխուանա է օգտագործում։ Տեսանյութը հանրային քննարկումների և տարաբնույթ արձագանքների առիթ էր դարձել։ Դեպքին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հանդիպի ծնողների հետ և քննարկի ստեղծված իրավիճակը։ Թե ինչ որոշում է կայացվել երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից։ Թաղապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ երեկ առավոտյան՝ ծնողական կոմիտեների մասնակցությամբ, Աջափնյակ վարչական շրջանում ընդհանուր ծնողական ժողով է անցկացվել։ Ժողովի ընթացքում ծնողները հորդորել են, որպեսզի Իրինա Մկրտչյանը շարունակի պաշտոնավարել՝ նշելով, որ տնօրենն անձամբ որևէ վատ արարք չի կատարել, իսկ աղմուկի պատճառ դարձած միջադեպը կապված է եղել նրա նախկին ամուսնու քայլերի հետ։
Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ անդրադարձել էր Ազգային ժողովի աշխատակազմում տեղի ունեցող գործընթացներին՝ մասնավորապես ԱԺ վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ հարուցված ծառայողական վարույթին։ Մեր հրապարակման առանցքում եղել էր այն փաստը, որ ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել՝ Ռազմիկ Առաքելյանի հետ կապված մի շարք հարցեր ուսումնասիրելու և ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Առաքելյանը ԱԺ վարչատնտեսական վարչության պետն է, իսկ նրա պաշտոնավարման և նշանակումների մասին տեղեկությունները ևս հրապարակվել են մամուլում։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո տեղի ունեցավ բավականին ուշագրավ մի բան։ Իշխանական Civic.am-ը ԱԺ աշխատակազմից պարզաբանում խնդրեց, և ի պատասխան ստացավ մի ընդարձակ պարզաբանում, որտեղ նշվում են մտքեր, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակել: Հանկարծ ԱԺ-ից պարզաբանել են, թե Ռազմիկ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի, աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանի հովանավորյալը չէ: Մինչդեռ նման բառ «Ժողովուրդ» օրաթերթում չի հրապարակվել: Իսկ Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանի անունն ընդհանրապես չէինք հրապարակել։ Մենք ընդամենը արձանագրել ենք պաշտոնական նշանակումների վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ այդ նշանակումները կատարվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով։
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Կառավարության հեղինակած նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն այս նախաձեռնության շուրջ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե քաղաքացիներին ինչ նոր հնարավորություն է տրվում, այլ այն, թե ով է որոշելու՝ որ կազմակերպությունն է արժանի այդ գումարին, և ինչ չափանիշներով։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին անհատույց հատկացվող գումարները ներառվելու են սոցիալական ծախսերի շարքում։ Առաջին հայացքից նախաձեռնությունը ներկայացվում է որպես քաղաքացիների՝ քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին աջակցելու լրացուցիչ հնարավորություն։ Բայց նախագծի բովանդակության մեջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները օրենսդրական տեքստում բացակայում են։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել, բայց ոչ թե Արսեն Գեւորգյանի մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու: Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել բանտի 6 աշխատակցի` Ալբերտ Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Ռուբեն Ասատրյանը, Նարեկ Բալդրյանը, Կարապետ Պողոսյանը, Ռազմիկ Գասպարյանը մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետեւանքով կալանավոր Հովհաննես Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել եւ դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր։ Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։ Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատողների անփութության հետեւանքով կալանավորը շարունակել է ծանր հանցագործություն կատարել նաեւ բերդում գտնվելու ժամանակ։ Հիշեցնենք․ սեպտեմբերին այս ՔԿՀ-ից մի աշխատակից էլ էր ձերբակալվել»։
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
ՔՊ-ականներին հանձնարարվել է անխտիր տարածել Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանի՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը։ «Ներքին կարգով շեֆը հասկացրել է՝ Աննայի ցանկացած նախաձեռնություն պիտի տարածվի ու խրախուսվի»,-ասաց մեր աղբյուրը»։
























































































