ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ է։ Քննարկվում է եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախագիծը։ Նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագծով քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց եկամտային հարկի հաշվին գումար ուղղել այդ կառույցներին, սակայն շահառուների շրջանակը, հատկացումների առավելագույն չափերն ու չափանիշները սահմանելու է Կառավարությունը։
Նախաձեռնությունը մի շարք մտահոգություններ է առաջացնում, քանի որ օրենքով հստակ և չեզոք չափանիշներ չեն ամրագրվում, իսկ քաղաքացիների ընտրությունը կարող է սահմանափակվել գործադիրի սահմանած շրջանակով։ Հատկապես խնդրահարույց է լրատվամիջոցների նկատմամբ հնարավոր ընտրովի վերաբերմունքի վտանգը։ Հարց է առաջանում նաև, թե ինչու նախագիծը նախապես չի քննարկվել հնարավոր շահառուների հետ։