Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գլինկա»-ի տերերի թիկնազորը, ընդդիմադիրների գլխին «սև» ամպեր, Արսենյանի «օժիտը». ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ

ՔՊ փակ նիստից Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։ Սակայն նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը անգամ իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, որ այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է:

«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իրավապահ համակարգում քննարկվել է ՀԷՑ-ի գործունեության հետ նախկինում առնչություն ունեցած ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդման հարցը։ Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավորներ Հայկ Սուքասյանն ու Դավիթ Ղազինյանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում եղել է սցենար՝ ՀԷՑ-ի հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործի շրջանակում ուսումնասիրել նշված պատգամավորների գործունեությունը և, անհրաժեշտ հիմքեր գտնելու դեպքում, գլխավոր դատախազի միջոցով դիմել Ազգային ժողով՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Կարող է քննարկվել նաև նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը կապվում է ՀԷՑ-ի գործունեության և 46.5 միլիարդ դրամի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հետ։

Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում այլևս չեն լինելու թիկնազորով շրջող օլիգարխներ։ Բայց, կարծես, այդ խոստումը բոլորի վրա չի տարածվել։ «Ժողովուրդ» օրաթերթը նոր լուսանկարներ է ստացել, որոնցում երևում է, թե ինչպես են «Գլինկա մոլի» սեփականատեր համարվող եղբայրները շարունակում Երևանի կենտրոնում շրջել թիկնազորի ուղեկցությամբ։ Հիշեցնենք, որ դեռ հուլիսին «Ժողովուրդը» հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են եղբայրները Սարյան փողոցի սրճարաններից մեկում ժամանակ անցկացնում, իսկ թիկնապահները նստած են առանձին սեղանի շուրջ։ Ըստ թերթի՝ նրանց թանկարժեք մեքենաները հաճախ կայանում են նաև երկրորդ գծում։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանին դեռ այս եղբայրները չե՞ն նյարդայնացրել, ինչպես գործարար Նարեկ Նալբանդյանի դեպքում։ Նկատենք, որ Ահարոնյան եղբայրներին և նրանց թիկնազորին ասֆալտին պառկեցնելու հրահանգ մինչ օրս չի տվել Փաշինյանը։ Իսկ ովքե՞ր են այս արտոնյալների թվում հայտնված գործարարները։ «Ժողովուրդ»-ի նախկին հրապարակման համաձայն՝ պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Ահարոնյանը «Բրոք Սերվիս» և «Ռուսբայն» ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է։ Երկու ընկերություններն էլ սպասարկում են «Գլինկա մոլը»։ Նրանց անունները հանրությանը հայտնի դարձան դեռևս Հայկ Մարությանի քաղաքապետության տարիներին՝ Նոր Նորքում շինարարական խախտումներով կառուցված շինության քանդման պատմության համատեքստում։

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, որ 2024 թվականի օգոստոսին է նշանակվել, այնուամենայնիվ, տունդարձի ճանապարհին է։ Ինչպես հայտնի էր դեռ ամռանը, ՀՀ իշխանությունները որոշել են նրան փոխարինել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել: Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ: Արսենյանի մտերիմներից տեղեկացանք, որ նա արդեն իրերն է հավաքում՝ մի հսկայական «օժիտ», որովհետեւ պետական գույքը չի օգտագործել, որոշ բան Հայաստանից է տարել կամ իր միջոցներով գնել, անգամ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա եւ հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։

«Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ

Աշխատանքային օրենսգրքում Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է կատարել մի շարք հիմնական փոփոխություններ ու լրացումներ։ Այսպես՝ օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանում փախստականի կամ ապաստան հայցողի հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվում է, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագիրը համապատասխան թվային համակարգ է մուտքագրում գործատուն, սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ դրույթներում հստակեցվում է, որ պայմանագրի լուծումը վերաբերում է հենց դրա գործողության ժամկետը լրանալու հիմքին, և համապատասխան ծանուցումը կատարվում է այդ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում։




Մամուլի Տեսություն

Լրահոս