Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի հետ երկրի ամբողջական վերամիավորումը պետք է իրականանա, և պատմության ընթացքը կանգնեցնել հնարավոր չէ։ Նոյեմբերի 12-ին Պեկինի Ժողովրդական մեծ պալատում ունեցած ելույթում նա կրկին կոչ է արել հասնել խաղաղ վերամիավորման՝ չանդրադառնալով ուժի կիրառման հնարավորությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սի Ծինփինի ելույթը նվիրված էր Չինաստանի վերջին կայսերական դինաստիան տապալած և Չինաստանի Հանրապետությունը հիմնադրած հեղափոխական գործիչ Սուն Յաթ-սենի ծննդյան 160-ամյակին։
«Պատմության ընթացքը կանգնեցնել հնարավոր չէ։ Հայրենիքի ամբողջական վերամիավորումը պետք է իրականացվի, և այն անպայման կիրականանա»,- հայտարարել է Չինաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ Թայվանի հարցի լուծումը Չինաստանի կոմունիստական կուսակցության անփոփոխ պատմական առաքելությունն է։ Սի Ծինփինը վերահաստատել է Պեկինի դիրքորոշումը՝ խաղաղ վերամիավորման և «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի վերաբերյալ՝ միաժամանակ հայտարարելով, որ Չինաստանը պատրաստ է երկխոսել Թայվանի հետ։
Նա նաև կոչ է արել Չինաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Թայվանում բնակվողներին, համատեղ ընդդիմանալ կղզու անկախության կողմնակից ուժերին և նպաստել երկու ափերի միջև խաղաղ հարաբերությունների զարգացմանը։
Թայվանի իշխանությունները, սակայն, մերժել են Պեկինի առաջարկը։ Թայվանի մայրցամաքային հարցերով խորհրդի ներկայացուցիչ Լյան Վեն-չիեն հայտարարել է, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ Թայվանի ժողովուրդը չեն կարող ընդունել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը, քանի որ այն, ըստ նրա, կնշանակի ենթարկվել Չինաստանի կոմունիստական կուսակցության ավտորիտար կառավարմանը։
Չինաստանը ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող Թայվանը համարում է իր տարածքի մաս, մինչդեռ կղզու իշխանությունները մերժում են այդ հավակնությունը։ Պեկինը չի հրաժարվել նաև ուժի կիրառման հնարավորությունից, իսկ չինական զինված ուժերը պարբերաբար զորավարժություններ և ռազմական գործողություններ են իրականացնում կղզու շրջակայքում։
Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի օրը կղզու շուրջ հայտնաբերվել է չինական 29 ռազմական օդանավ, այդ թվում՝ J-16 կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։ Դրանք, չինական ռազմանավերի հետ համատեղ, իրականացրել են մարտական պատրաստության պարեկություն։
Սի Ծինփինի հայտարարությունը հնչել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Այն նախատեսվում է անցկացնել Չինաստանի Շենչժեն քաղաքում, որտեղ Չինաստանի նախագահը կրկին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Անի Վարդանյան






















