Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հետագայում էլ ավելի կբարելավվեն։ Այս մասին նա հայտարարել է Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում։
Նաուսեդայի խոսքով՝ Լիտվան միշտ լավ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի հետ և փորձել է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Կովկասի երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։
«Հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում ավելի կբարելավվեն։ Մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ միշտ շատ լավն են եղել, և մենք միշտ փորձել ենք հավասարակշռված մոտեցում պահպանել Կովկասի երկու երկրների նկատմամբ»,- նշել է Լիտվայի նախագահը։
Նա նաև հայտնել է, որ անձնական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հույս ունի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել նրա հետ՝ քննարկելու երկկողմ հարցերն ու եվրոպական հեռանկարները։
Նաուսեդան ընդգծել է, որ Ադրբեջանը ևս ձգտումներ ունի Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ, և հույս է հայտնել, որ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել։
«Հույս ունեմ, որ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչի կարելի է հասնել։ Իմ երկրի փորձը ևս ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,- ասել է նա։
Անի Վարդանյան






















