Armenian text to speach

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես թե, որոշել է այլևս չլռել։ Պաշտոնից անակնկալ հեռանալուց մոտ երեք ամիս անց նա հրապարակային խոսք է հնչեցրել, որը բավականին անհարմար դրության մեջ է դրել իշխանական թիմին։

Գրիգորյանի վերջին հոդվածը ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, այլև փաստացի քննադատության թիրախ է դարձնում Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած արտաքին քաղաքականությունը։

Նոյեմբերի 11-ին հրապարակված «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Արմեն Գրիգորյանը բավական կոշտ գնահատականներ է տվել եվրաինտեգրման գործընթացին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէ, իսկ այդ նպատակին ուղղված քայլերը կարող են ոչ թե նվազեցնել, այլ հակառակը՝ խորացնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կախվածությունը։

Նախկին պաշտոնյան, մասնավորապես, արձանագրել է, որ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և արդյունքում հայտնվել Մոսկվայի ավելի ամուր ազդեցության ներքո։

Գրիգորյանը զգուշացրել է նաև, որ առանց Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքների՝ ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է Հայաստանին կանգնեցնել տնտեսական, քաղաքական և անվտանգային նոր խնդիրների առաջ։ Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցումը կարող է սահմանափակել իրանական գազից օգտվելու Հայաստանի հնարավորությունները։

Փաստացի, նախկին ԱԽ քարտուղարը կասկածի տակ է դրել այն քաղաքական ուղեգիծը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է որպես Հայաստանի ապագայի կարևորագույն ուղղություններից մեկը։

Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը չի թաքցրել՝ այս հարցում իր դիրքորոշումը նորություն չի եղել նաև իշխանական թիմի համար։ Նա հոդվածում ուղղակիորեն նշել է, որ իր նախկին գործընկերները տեղյակ են եղել իր տեսակետներին։ Այս հանգամանքն էլ ավելի է սրել հարցը՝ եթե այդ տարաձայնությունները հայտնի էին, ապա ինչո՞ւ են դրանք հրապարակային հնչում հենց հիմա՝ պաշտոնից հեռանալուց հետո։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն էլ երեկ ստիպված են եղել խորհրդարանում արդարանալ։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարել է, որ Արմեն Գրիգորյանը լավ գործընկեր է, նաև լավ ընկեր, և որ նրա դիրքորոշումն իրենց համար անակնկալ չի եղել։

Ղազարյանը փորձել է ներկայացնել, թե թիմում այլակարծությունը բնական է, իսկ Գրիգորյանի հոդվածը կարող է առողջ բանավեճի հիմք դառնալ։ Սակայն լրագրողների հարցերին նրա պատասխաններում ևս ակնհայտ էր, որ թեման հեշտերից չէ իշխանականների համար։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք Գրիգորյանը քաղաքական հայտ է ներկայացնում, պատգամավորը չի բացառել այդ հնարավորությունը՝ նշելով, որ խնդիր չի տեսնում, եթե նախկին պաշտոնյան նման հայտ ներկայացնի։

Առավել ուշագրավ է, որ Ղազարյանը չի կարողացել պատասխանել նաև այն հարցին, թե ինչու է Գրիգորյանն իր տեսակետները հրապարակայնացնում հենց հիմա։ Նա խորհուրդ է տվել այդ հարցը ուղղել հենց նախկին պաշտոնյային։

Իսկ այստեղ արդեն հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

Մեր տեղեկություններով՝ Արմեն Գրիգորյանը շատ խիստ նեղացած է թիմից՝ իր անակնկալ պաշտոնանկության պատճառով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ընդ որում, պաշտոնի փոփոխության հանգամանքներն ինքնին ուշագրավ էին։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գրիգորյանի հեռացմանը, չէր ցանկացել գնահատական տալ այն հանգամանքին, որ վերջինիս պաշտոնից ազատելու մասին տեղեկացրել էին վերջին պահին։ Նա միայն ընդգծել էր, որ Գրիգորյանն իրենց ընկերն է, և հույս հայտնել, որ նա հետագայում պետական ծառայության կվերադառնա։

Իշխանական կուլիսներում տեղի ունեցածի վերաբերյալ հարցերը, սակայն, այդպես էլ չփակվեցին։ Քաղաքական շրջանակներում Գրիգորյանի հեռացումը դիտարկվում էր որպես անակնկալ փոփոխություն։ Մինչդեռ հիմա նրա հրապարակային խոսքը նոր ենթադրությունների տեղիք է տալիս։

Տպավորություն է ստեղծվում, որ նախկին պաշտոնյան իշխանություններից հեռացել է ոչ այնքան հանգիստ ու հաշտ մթնոլորտում։ Նրա վերջին հոդվածում առկա շեշտադրումները, նախկին գործընկերներին ուղղված անուղղակի քննադատությունն ու հատկապես այն հանգամանքը, որ նա իր դիրքորոշումը հրապարակայնացնում է պաշտոնը կորցնելուց հետո, կարող են վկայել նաև անձնական դժգոհության մասին։

Իհարկե, Գրիգորյանն ինքը հրապարակավ չի հայտարարել, թե իշխանություններից նեղացած է կամ որ իր պաշտոնանկությունը կապված է ԵՄ-ի և Ռուսաստանի հարցում ունեցած տարաձայնությունների հետ։ Սակայն նրա այսօրվա խոսքն ու պաշտոնից հեռանալու պատմությունը միասին քաղաքական հարցերի բավական հետաքրքիր շրջանակ են առաջացնում։

Մի բան ակնհայտ է. իշխանությունը նախկին ԱԽ քարտուղարի այս հրապարակումից հետո ստիպված է բացատրել՝ որքանո՞վ է իր թիմում իրականում ընդունելի այլակարծությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության առանցքային հարցերին։

Եվ ամենակարևորը՝ արդյոք Արմեն Գրիգորյանը պարզապես իր տեսակե՞տն է հրապարակայնացրել, թե՞ սա իր քաղաքական վերադարձի առաջին քայլն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Մամուլի Տեսություն

Լրահոս