ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 15-ից կսկսվի ուժեղ վերահսկողություն ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը չկատարողների «պատիժը»:
Հիշեցնենք, որ այսուհետ առանց համապատասխան անվադողերի ճանապարհ դուրս եկած վարորդները կարող են բախվել վարչական պատասխանատվության, իսկ նրանց տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
Պահանջը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաներին, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարներին։ Նշված տրանսպորտային միջոցների վրա պետք է տեղադրված լինեն ձմեռային անվադողեր։
Սակայն միայն ձմեռային անվադող տեղադրելը բավարար չէ։ Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհներին երթևեկելիս անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը պետք է լինի 4 միլիմետրից ավելի։ Հակառակ դեպքում մեքենայի շահագործումը նույնպես կարգելվի։
Նշենք, որ սահմանված պահանջը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ։ Դրա խախտման համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է չսպասել եղանակային պայմանների կտրուկ վատթարացմանը և ժամանակին փոխել անվադողերը՝ ապահովելով ինչպես սեփական, այնպես էլ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։
Փաստորեն, նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերի հարցն այլևս միայն վարորդի նախընտրության կամ անվտանգության լրացուցիչ միջոցի խնդիր չէ․ այն օրենքով սահմանված պարտադիր պահանջ է։
Սոնա Գրիգորյան




























