ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում սպասվում է կառավարության ամբողջ կազմի մասնակցությունը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործադիր իշխանության ներկայացուցիչները խորհրդարան կգան՝ ներկայացնելու 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը:
ԱԺ-ում մեկնարկող քննարկման առանցքում լինելու է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որի նախագիծը շուրջ երկու շաբաթ քննարկվել է խորհրդարանի տարբեր մշտական հանձնաժողովներում։ Այդ ընթացքում պատգամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու կառավարության ներկայացուցիչներին, բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու առաջարկությունները՝ կապված նախատեսվող ծախսերի, եկամուտների և պետական քաղաքականության առաջնահերթությունների հետ։
Նոյեմբերի 17-ի քննարկումն արդեն հնարավորություն կտա խորհրդարանի ամբիոնից կառավարության ղեկավարին և նախարարներին ներկայացնելու 2027 թվականի բյուջեի հիմնական դրույթները, պատասխանելու պատգամավորների հարցերին և հիմնավորելու գործադիրի կողմից ընտրված ֆինանսական առաջնահերթությունները։
Ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցություններն այս պահին քննարկում են ԱԺ նիստերին մասնակցելու հարցը:
Ինչպես այսօր «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում ներքին թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված Ազգային ժողովում հետագա գործունեության հետ։ Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո խմբակցությունում տարաձայնություններ են առաջացել՝ արդյոք ստեղծված իրավիճակում ճիշտ է շարունակել խորհրդարանական աշխատանքը, թե՞ պետք է բոյկոտել ԱԺ նիստերն ու հրաժարվել դրանց մասնակցությունից։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ խմբակցության մի հատվածը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պետք է ընդհանրապես չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ այդ կերպ արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը։
Մյուս թևը, սակայն, հակառակ կարծիքին է։ Նրանց համոզմամբ՝ ԱԺ աշխատանքների բոյկոտն իրականում նվեր կլինի իշխանություններին, քանի որ ընդդիմությունը կզրկվի խորհրդարանում իշխանության քայլերը քննադատելու, նախագծերին հակադրվելու և քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորությունից։ Իսկ իշխանությունն էլ առանց ընդդիմության հակազդեցության կկարողանա իր օրենսդրական նախաձեռնություններն անցկացնել։
Սոնա Գրիգորյան




























