Armenian text to speach

Սկանդալ՝ ԱՄՆ-ում․ շարքային զինվորը նկատողություն է արել Պենտագոնի ղեկավարին Անհայտ զինվորի շիրիմի մոտ․ նրան պարգևատրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մասնակցությամբ։ Նոյեմբերի 11-ին՝ Վետերանների օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումից հետո, Արլինգթոնի ազգային գերեզմանատանը Անհայտ զինվորի շիրիմի մոտ ծառայություն իրականացնող ամերիկացի զինվորը նկատողություն է արել Հեգսեթին և նրա ուղեկցողներին՝ պահանջելով պահպանել լռությունն ու հարգանքը։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հեգսեթը, նրա կինը՝ Ջենիֆերը, աշխատակազմի ղեկավար Ռիկի Բուրիան և մի շարք այլ պաշտոնյաներ լուսանկարվել են հուշահամալիրի մոտ։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է խմբի անդամներից մեկը ծիծաղում, ինչից հետո հերթապահ զինծառայողը շրջվում է դեպի նրանց և բարձրաձայն հայտարարում. «Բոլոր այցելուները պետք է մշտապես պահպանեն լռության և հարգանքի մթնոլորտ»։

Զինվորը Թոմաս Իգլեսիասն է՝ ԱՄՆ բանակի 3-րդ հետևակային գնդի՝ «Հին գվարդիայի» զինծառայողներից մեկը։ Այդ ստորաբաժանումը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում Անհայտ զինվորի շիրիմի մոտ։ Հուշահամալիրը համարվում է ԱՄՆ-ի ամենասրբազան ռազմական հիշատակի վայրերից մեկը, որտեղ ամփոփված են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև Կորեական պատերազմի անհայտ զինվորների աճյունները։

Միջադեպի տեսանյութը կարճ ժամանակում տարածվել է համացանցում և քննադատությունների ալիք առաջացրել։ Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր քննադատել են պաշտպանության նախարարին և նրա ուղեկցողներին՝ նշելով, որ նման վայրում պետք է պահպանել լռությունն ու հարգանքը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։

Հեգսեթի պահվածքին անդրադարձել է նաև CNN-ի հաղորդավար Ջեյք Թափերը՝ այն որակելով ամոթալի։ ԱՄՆ նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերը ևս քննադատել է նախարարին՝ հայտարարելով, որ նման վարքագիծն անպատշաճ է ցանկացած այցելուի, առավել ևս՝ պաշտպանության նախարարի համար։ Միաժամանակ նա գովեստի խոսքեր է հնչեցրել զինծառայողի հասցեին՝ ընդգծելով, որ վերջինս պարզապես կատարել է իր պարտականությունը։

Ինչպե՞ս արձագանքեց Հեգսեթը

Հատկանշական է, որ միջադեպից ընդամենը մեկ օր անց՝ նոյեմբերի 12-ին, Հեգսեթը Պենտագոն է հրավիրել Անհայտ զինվորի շիրիմը պահպանող ստորաբաժանման զինծառայողներին և անձամբ մեդալ շնորհել Թոմաս Իգլեսիասին։

Նրան շնորհվել է Joint Service Commendation Medal-ը՝ համատեղ ծառայության գովասանագրի մեդալը, որը զինվորական ծառայության համար շնորհվող բարձր պարգևներից է և սովորաբար չի տրվում կրտսեր զինվորական կազմի ներկայացուցիչներին։

Հեգսեթը սոցիալական ցանցերում հրապարակել է պարգևատրման լուսանկարները՝ գրելով. «Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք չափանիշները։ Ապրես, շարքային»։

Իր հերթին Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը միջադեպից հետո հայտարարել էր, որ զինծառայողը ճիշտ և հարգալից կերպով հիշեցրել է ներկաներին պահպանել պատշաճ վարքագիծը։

Հեգսեթին ցանկանում են իմփիչմենթ հայտարարել

Այս միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Փիթ Հեգսեթն արդեն հայտնվել էր իմփիչմենթի գործընթացի կենտրոնում։ Դրանից ընդամենը մեկ օր առաջ՝ նոյեմբերի 10-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվել էր նրան պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու նախաձեռնությունը։

Նախաձեռնության հեղինակը հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասսին էր, որին միացել էին նաև դեմոկրատները։ Հեգսեթին առաջադրված իմփիչմենթի ութ հիմքերի թվում նշվում էին, մասնավորապես, Իրանի դեմ պատերազմը առանց Կոնգրեսի թույլտվության սկսելու և այլ խախտումների մեղադրանքները։

Սակայն հանրապետականների մեծամասնությունը կանխել է նախաձեռնության առաջընթացը։ Քվեարկության արդյունքում 211 կոնգրեսական դեմ է արտահայտվել իմփիչմենթի բանաձևը հանձնաժողով ուղարկելուն, իսկ 204-ը՝ կողմ։ Հանրապետականներից նախաձեռնությանը աջակցել է միայն Թոմաս Մասսին։

Հեգսեթն իր հերթին քննադատել էր իմփիչմենթի նախաձեռնությունը՝ այն անվանելով քաղաքական սաբոտաժ և պնդելով, որ ինքը չի կատարել Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնանկության հիմք հանդիսացող ծանր հանցագործություններ։

ԱՄՆ-ում սպասվում է, որ դեմոկրատների կողմից Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողության ստանձնումից հետո՝ 2027 թվականի հունվարից, Հեգսեթի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու փորձերը կարող են կրկին ակտիվանալ։

Այսպիսով, ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնվել է հանրային քննադատության կենտրոնում՝ միաժամանակ շարունակելով բախվել քաղաքական ընդդիմախոսների՝ իրեն պաշտոնանկ անելու փորձերին։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս