
ԱԺ ՀՀԿ խմբակցության փակ նիստում խմբակցութան քարտուղար ընտրվեց Գագիկ Մելիքյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նա նշեց, թե այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջարկել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ առաջադրումն էլ նախապես համաձայնեցված է եղել երկրի նախագահի հետ:
Այն հարցին, թե արդյոք նա կկարողանա համախմբել ու աշխատել ՀՀԿ-ի խմբակցությունում գոյություն ունեցող տարբեր թևերի հետ, նա արձագանքեց. «Չեմ կարծում, որ ՀՀԿ-ում կան տարբեր թևեր: Պարզապես կան տարբեր բնավորության տեր մարդիկ, որոնք բոլորն էլ Հանրապետական կուսակցության ծրագրի և կանոնադրությանը համապատասխան կատարում են նույն աշխատանքը», – նշեց նա:
Ըստ նրա` խմբակցությունում չկան բարդ բնավորության տեր անձինք, այլ պարզապես իրենց սեփական կարծիքն ունեցող մարդիկ են, ովքեր ունեն սկզբունքային դիրքորոշում:
Նա նաև նշեց, թե իր համար բոլորովին անակնկալ չի եղել, որ իրեն են առաջադրել քարտուղարի պաշտոնում: