Ուշագրավ իրավիճակ ԱԺ նախկին նախագահի որդու գործով. մեղադրյալները կանգնել են խնդրի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ԱԺ Նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի դեմ հարուցված քրեական գործով: Ինչպես հայտնի է նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինչպես նաև քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացրել է կեղծ ապացույցներ:

Ի դեպ վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 4 անձ:

Արդյունքում, քրեական գործով դատարանում ուշագրավ իրավիճակ է եղել: Մասնավորապես, ԱԺ նախագհի որդու հետ դատարանում հայտնված անձանցից երկուսը կոնկրետ հարց են բարձրացրել, որը կապված է եղել իրենց խափանման միջոցի( ստորագրությամբ չհեռանալու մասին) հետ: Ասել է, թե խափանմա միջոցը նրանց խնդիրների առաջ է կանգնեցրել: Գործով մեղադրյալ Արմինե Ստեփանյանը միջնորդություն է ներկակացրել եւ հայտարարել.« Ինձ մեղադրանք է առաջադրվել, որ ես զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, միևնույն ժամանակ հանդիսանալով 2-2040 քաղաքացիական գործով պատասխանող կողմի Երևանի քաղաքապետարանի կողմից լիազորված ներկայացուցիչ օժանդակել եմ 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես նույն վարչության պետի լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձ Կարեն վեկտորի Սարդարյանին, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով’ իմ պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որի հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Տվյալ քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 11.09.2020 թվականին, որի շրջանակներում իմ կողմից 02.10.2020 թվականի միջնորդություն է ներկայացվել ակնհայտ անհիմն մեղադրանք առաջադրելու հիմքով իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և որպես հետևանք ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին:
Քրեական գործը դատարանի վարույթ ընդունվելուց հետո անցել է ավելի քան 1 տարի 5 ամիս, որի ընթացքում տեղի է ունեցել միայն մեկ դատաքննություն, իսկ մնացած դեպքերում դատական նիստերը հետաձգվել են և դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով յուրաքանչյուր հերթ նշանակվել է երկարատև ընդմիջումներով:
Նախաքննության մարմնի կողմից 04.08.2020թ. ինձ մեղադրանք է առաջադրվել ն իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց ստորագրություն’ չհեռանալու մասին:

Հարկ է արձանագրել այն փաստը, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ես դրսևորել եմ պատշաճ վարքագիծ, մասնավորապես վարույթն իրականացնող նախաքննության մարմնի բանավոր կանչով մշտապես ներկայացել եմ քննության, տվել եմ ցուցմունքներ, մասնակցել եմ առերեսման, ամբողջ նախաքննության ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ դեպք, երբ ես որևէ կերպ փորձ կատարած լինեմ խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննությունից: Համանման վարքագիծ եմ դրսևորել նաև գործի դատական քննության ընթացքում: Նման արարք չեմ կատարել և չեմ պատրաստվում կատարել:
Բացի այդ, նախկինում երբեք դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չեմ եղել, չեմ կատարել և չեմ պատրաստվում կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարք: Ավելին, ես ունեմ մշտական բնակության վայր, ընտանիք, այդ թվում անչափահաս երեխա, մասնագիտություն և մշտական աշխատանք:
Այսպիսով բացակայում են քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերը:

Միաժամանակ դատարանի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այս քրեական գործով խափանման միջոց ընտրելիս մեղադրանք առաջադրված անձանց նկատմամբ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք, որը ինչպես իրավական հիմնավորումներից, այնպես էլ տրամաբանությունից դուրս է (իմ, իբրև որպես հանցագործությանը օժանդակողի, արարքիս բնույթն ու վտանգավորության աստիճանն ավելի մեծ է, քան այն անձինը, ում իբրև օժանդակել եմ):
Կրկին հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում իմ գործողություններով ինձ վերագրել գոյություն չունեցող, անգամ ենթադրություններից զուրկ արարք և առանց խափանման միջոցի առկայության էլ ամբողջ դատաքննության ժամանակ կդրսևորեմ պատշաճ վարքագիծ:
Վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքները հիմք ընդունելով’
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ
հրատապության կարգով քննության նշանակել սույն միջնորդությունը և վերացնել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին: Այսօրիանակ միջնորդություն է ներկայացրել մեղադրյալներից Արտյոմ Սարգսյանը եւս, եւ դատարանը բավարարել է նրանց միջնորդությունները եւ վերացրել խափանման միջոցը ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Իսկ ահա ԱԺ նախկին նախագահի որդու խափանման միջոցը շարունակում է մնալ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Ի դեպ այս գործը դատարան է մտել 2020 թվականի սեպեմբերի 9-ին եւ շուրջ երկու տարի է, ինչ քննությունը շարունակվում է, մինչդեռ մեղադրյալները հայտնվում են բազմաթիվ խնդիրների առաջ:

Ք.Մ




Լրահոս