ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, նոյեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլում կայացած հանդիպման հիմնական թեման եղել է Ուկրաինայի շուրջ պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, ինչպես նաև առաջիկա բանակցություններում եվրոպական երկրների ներգրավումը։
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի փեսայի այցը Մոսկվա ուշադրություն է գրավել ոչ միայն քաղաքական հանդիպման, այլև նրա հագուստի պատճառով։ Մոսկվայում ձյուն ու ցուրտ եղանակ է եղել, սակայն Քուշները օդանավից իջել է առանց վերարկուի՝ բարակ սվիտերով։ Սոցիալական ցանցերում օգտատերերը նկատել են նրա ոչ սեզոնային հագուստը և կատակել, թե կարծես նա Մոսկվա է ժամանել ամառային եղանակի սպասումով։
Ամերիկյան պատվիրակությանը «Վնուկովո» օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Վերջինս Ուիթքոֆին և Քուշներին դիմավորել է բավական ուշագրավ հագուստով՝ սպիտակ ձմեռային բաճկոնով, որի վրա կարմիր տառերով գրված է եղել «Russia»՝ ռուսական ժողովրդական զարդանախշերով։
Դմիտրիևի բաճկոնն այնքան է գրավել ուշադրությունը, որ Ուիթքոֆը, օդանավից իջնելուց հետո, մատնացույց է արել այն և հետաքրքրություն ցուցաբերել։ Իտալական Il Foglio պարբերականի փոխանցմամբ՝ բաճկոնը ռուսական Bosco ապրանքանիշից է, որը նաև մարզահագուստ է մատակարարում ռուս մարզիկներին։
Այսպիսով, մինչ ամերիկյան պատվիրակությունը Մոսկվա էր մեկնում Ուկրաինայի շուրջ բարդ բանակցությունների համար, օդանավակայանում ուշադրության կենտրոնում հայտնվել էին նաև Դմիտրիևի բաճկոնն ու Քուշների՝ առանց վերարկուի ներկայանալը։
Անի Վարդանյան





























