Նոյեմբերի 12-ին ուշ երեկոյան կայացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ։ Կրեմլում բանակցությունները տևել են շուրջ երկու ժամ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը։
Քուշները Պուտինին հայտնել է, որ եվրոպական կողմում որոշակի փոփոխություններ են նկատվում, և եվրոպական երկրներն ավելի մեծ ցանկություն են հայտնում մասնակցելու բանակցություններին ու ավարտելու պատերազմը։
«Մենք հույս ունենք, որ եթե կարողանանք նրանց ներգրավել այս բազմակողմ ձևաչափում, ապա կկարողանանք հաջողությամբ կարգավորել հակամարտությունը»,– ասել է Քուշները։
Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Եվրոպայի հետ երկխոսությունից, սակայն, իր պնդմամբ, հենց եվրոպական երկրներն են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ։
«Թող իրենք որոշեն՝ խաղաղությո՞ւն են ուզում, թե՞ պատերազմ»,– հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի արևելքում գտնվող Կոստյանտինիվկա քաղաքում մարդասիրական գործողություն իրականացնելու Ռուսաստանի առաջարկը։ Պուտինն առաջարկել է կազմակերպել գործողություն, որը նման կլինի Օլեշկիում իրականացված նախաձեռնությանը, որի ընթացքում բնակիչներին հնարավորություն էր տրվել լքելու քաղաքը և ստանալու անհրաժեշտ օգնությունը։ Նշենք, որ Կոստյանտինիվկայի նկատմամբ ռուսական վերահսկողության մասին Պուտինի պնդումը անկախ աղբյուրներով հաստատված չէ։
Կողմերը քննարկել են նաև ռուս և ուկրաինացի ռազմագերիների փոխանակման հարցը, սակայն մանրամասներ չեն ներկայացրել։
Ուիթքոֆը հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցություններում առաջընթաց կա։ Նրա խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ, որին կմասնակցեն նաև եվրոպական ներկայացուցիչները։
Հաջորդ կանգառը՝ Դուբլին․ հանդիպում Զելենսկու հետ
Մոսկվայից հետո Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին, որտեղ հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նրանք նրան ներկայացրել են Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքները։
Զելենսկին ողջունել է եվրոպական երկրների՝ բանակցություններին անմիջական մասնակցության հնարավորությունը՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է ոչ թե կողքից հետևի գործընթացին, այլ ունենա իր ձայնը բանակցային սեղանի շուրջ։
ԱՄՆ բանագնացների՝ Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում անցկացրած հանդիպումներից հետո Վաշինգտոնը հայտարարել է, որ աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում ամենամեծ ռազմագերիների փոխանակումն իրականացնելու ուղղությամբ։ Քուշների խոսքով՝ խոսքը կարող է հազարավոր մարդկանց ընտանիքներ վերադարձնելու մասին լինել։
Այնուամենայնիվ, բանակցություններում դեռևս պահպանվում են էական տարաձայնություններ, հատկապես տարածքային հարցերի և Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության երաշխիքների շուրջ։ Ռուսաստանը շարունակում է պնդել իր տարածքային պահանջները, իսկ Կիևը չի համաձայնում զիջել Դոնբասի այն հատվածները, որոնք դեռևս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության ներքո։
Այսպիսով, Մոսկվայի հանդիպումը դեռևս չի հանգեցրել պատերազմի ավարտի շուրջ համաձայնության, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ այս անգամ եվրոպական երկրների մասնակցությամբ։
Անի Վարդանյան




























