Microsoft 365 ծառայությունների համաշխարհային խափանման պատճառով հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան, ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմերը մի քանի ժամ շարունակ խնդիրներ են ունեցել աշխատանքը կազմակերպելու հարցում։ Խափանման հետևանքով Կապիտոլիումի բազմաթիվ աշխատակիցներ զրկվել են իրենց էլեկտրոնային փոստերին՝ Outlook-ին հասանելիությունից։
Ինչպես գրում է POLITICO-ն, խնդիրը համընկել է Կոնգրեսի այս նստաշրջանի ավարտական՝ «լեյմ-դաք» շրջանի հետ, երբ օրենսդիրները փորձում են համաձայնության գալ մի շարք օրինագծերի և քաղաքական որոշումների շուրջ։
Microsoft-ը հայտնել է, որ խափանումը կարող էր ազդել տարբեր տարածաշրջանների օգտատերերի վրա։ Ընկերության նախնական պարզաբանմամբ՝ պատճառը մի շարք սերվերների անսպասելի անհասանելիությունն էր։ Microsoft-ը նշել է, որ փորձում է գործարկել ծառայությունների վերականգնման բոլոր հնարավոր ուղիները, սակայն ձեռնարկված քայլերը դեռևս սպասվող արդյունքը չեն տվել։
Կոնգրեսի աշխատակիցներից մեկը POLITICO-ին պատմել է, որ Outlook-ը իրենց աշխատանքի առանցքային գործիքներից է, քանի որ այնտեղ են պահվում նամակները, հանդիպումների ժամանակացույցերը և ղեկավարների օրացույցները։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային փոստի անհասանելիության պատճառով օրենսդրական աշխատանքի մի մասը փաստացի կանգ է առել։
Ներկայացուցիչների պալատի գլխավոր վարչական տնօրենի գրասենյակի ներկայացուցիչ Սամանտա Քարթերը հաստատել է, որ խափանումն ազդել է պալատի աշխատակազմերի վրա։ Աշխատակիցներին այդ մասին տեղեկացնելու նպատակով տարածվել է ընդհանուր նախազգուշացում։
Խափանումը դժգոհություններ է առաջացրել նաև Կոնգրեսի աշխատակիցների շրջանում։ Պատգամավոր Էլեոնոր Հոլմս Նորթոնի հաղորդակցության տնօրեն Շերոն Էլիզա Նիկոլսը սոցիալական ցանցերում գրել է, որ ստեղծված իրավիճակը հիասթափեցնող է, և հեգնանքով հարցրել՝ արդյոք պաշտոնական ամբողջ աշխատանքը պետք է այսուհետ իրականացվի անձնական հաղորդագրությունների միջոցով։
Աշխատակիցները նշել են, որ այլ կապի միջոցները որոշ չափով թույլ են տվել շարունակել աշխատանքը, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել Outlook-ին։ Խափանումը նաև ընդգծել է Կոնգրեսի գրասենյակներում էլեկտրոնային փոստից անկախ կապի այլընտրանքային համակարգեր ունենալու անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, աշխատակիցներից մեկը POLITICO-ին կատակով հայտնել է, որ թեև իրենք չեն կարողացել աշխատել, Կապիտոլիումի հարակից այգին և Starbucks սրճարանը սովորականից ավելի մարդաշատ են եղել։




























