Նոյեմբերի 12-ին Մատենադարանի դիմաց բողոքի ակցիա էր, որի մասնակիցները պահանջում էին վերականգնել երթուղու նախկին աշխատանքային կարգը։ Նրանց չի բավարարում քաղաքապետարանի և Էջմիածնի համայնքապետարանի պայմանավորվածությունը և բոլոր լուծումներն մասնակի են:
Օրեր առաջ հայտարարվել էր, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող 203 համարի երթուղայինի վերջին կանգառը այսուհետ «Կիլիկիա» ավտոկայանն է։
203 երթուղու սպասարկման իրավունքը սահմանվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։ Համապատասխան տենդերում հաղթող ճանաչված կազմակերպությունն ի սկզբանե մրցութային պայմաններով սահմանված կարգով իրականացնում է տվյալ երթուղու սպասարկումը, որի վերջնակետը սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը։ Ուսանողների տեղափոխումը մինչև Մատենադարան իրականացնող երթուղին առանձին պատվեր է՝ Վաղարշապատի համայնքապետարանի և Երևանի քաղաքապետարանի միջև ձեռք բերված առանձին համաձայնության շրջանակում, և որևէ առնչություն չունի 203 երթուղու հետ։
203 երթուղին համայնքապետարանին պատկանող երթուղի չէ և սպասարկվում է առանձին կազմակերպության կողմից։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտարարեց, որ, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին, նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես իջեցնելու և նստեցնելու նպատակով։ Էջմիածինցիները պահանջում են թվային հաշվարկներով բացատրություն, քանի որ խցանումների պատճառը 203 համարի երթուղին չէ: Բացի այդ, նրանց կարծիքով, եթե կա Փարաքար տանող երթուղու համար կայանատեղի, ուրեմն ինչ՞ու է արգելվում հենց 203-ի կայանումը: Ավելին, ձմռան ցրտով պայմանավորված՝ դժվարություններն ավելանալու են: Հարցին լուծում տալն անհապաղ է:
Այսպիսով, տրանսպորտային միջոցների խնդիրներն չեն սահմանափակվում միայն 203 համարի երթուղով: Դրանք շարունակվում են: Ծանր խցանումներ, դժգոհ քաղաքացիներ, և ի պատասխան հնչում են տարօրինակ հայտարարություններ, նույնիսկ՝ հնարավոր թանկացումներ: Մարդկանց համար առավել կարևոր են խնդրի այնպիսի լուծումներ, որոնք որակապես կբարելավեն նրանց կյանքը՝ առանց ավելորդ բարդացումների:
Վիկտորյա Բուդաղյան




























