«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝ ով է երիտասարդ պաշտոնյան և ինչ ունեցվածք ունի։
Ո՞վ է Բագրատ Վարդանյանը․
Բագրատ Վարդանյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 20-ին՝ Երևանում։ 2015-2017 թվականներին սովորել է Հայ-Ռուսական համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ճապոնագիտության բաժնում, իսկ 2019-2022 թվականներին՝ նույն համալսարանի «Գովազդ և հասարակության հետ կապեր» բաժնում։
2017-2019 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է հյուրանոցային ոլորտում։ 2019-2020 թվականներին աշխատել է «Լյուքս Քասլ Ֆեմիլի Հոթել»-ում՝ որպես գիշերային մատենավար, իսկ 2020-2022 թվականներին՝ «Նացիոնալ Հյուրանոց Հայաստան»-ում՝ որպես գիշերային հերթափոխի գլխավոր մատենավար։ 2021 թվականին աշխատել է նաև «Թիվ 1 մեդիա» լրատվականում՝ որպես հոդվածագիր։
Քաղաքական գործունեության շրջանակում 2020-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հասարակական հիմունքներով օգնականը, իսկ 2021-2022 թվականներին՝ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հասարակական հիմունքներով օգնականը։
2022 թվականի օգոստոսից դեկտեմբեր աշխատել է Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության օրենսդրական մոնիթորինգի և տեղեկատվության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի դեկտեմբերը եղել է ՔՊ խմբակցության փորձագետը, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
Անշարժ գույք․
ArmLur.am-ի ուսումնասիրությամբ՝ Բագրատ Վարդանյանի անունով անշարժ գույք գրանցված չէ։ Սակայն նրա հայտարարագրում առանձին բաժնով նշված է, որ 2025 թվականի ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող անհատական բնակելի տան՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։
Ավտոմեքենա և դրամական միջոցներ․
Վարդանյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության «Chevrolet» մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականի հունվարի 24-ին՝ նվիրատվությամբ։ Մեքենան առկա է եղել նաև 2025 թվականի տարեվերջին։
Բանկային չորս հաշիվներում տարեսկզբին ունեցել է ընդհանուր 265 հազար 166 դրամ և 62 լումա, իսկ տարեվերջին՝ 388 հազար 453 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարեսկզբին հայտարարագրել է 720 եվրո և 450 դոլար, իսկ տարեվերջին՝ 600 եվրո և 200 դոլար։
Կրիպտոարժույթներ․
ArmLur.am-ը հայտարարագրում արձանագրել է նաև մի քանի կրիպտոակտիվ։ 2025 թվականի տարեվերջին դրանց արժեքները ներկայացված են եղել հետևյալ կերպ՝ TREE՝ 0.82 դոլար, PENGU՝ 8.28 դոլար, BTC՝ 71.18 դոլար, OM Mantra՝ 0.23 դոլար, GRT՝ 0.03 դոլար, Render՝ 0.01 դոլար, Super՝ 11 դոլար, իսկ Pepe-ի արժեքը նշված է եղել 0 դոլար։ Բացի այդ, Վարդանյանը հայտարարագրել է 0.88 միավոր FTN կրիպտոարժույթ։
Հատկանշական է, որ որոշ կրիպտոակտիվների հայտարարագրված արժեքները տարվա ընթացքում նվազել են։ Օրինակ՝ OM Mantra-ի արժեքը տարեսկզբի 11.62 դոլարից տարեվերջին դարձել է 0.23 դոլար, GRT-ինը՝ 31.34 դոլարից՝ 0.03 դոլար, Render-ինը՝ 38.35 դոլարից՝ 0.01 դոլար, Super-ինը՝ 76.23 դոլարից՝ 11 դոլար, իսկ Pepe-ինը՝ 111.87 դոլարից՝ 0 դոլար։
Եկամուտ և վարկային պարտավորություններ․
2025 թվականի ընթացքում Բագրատ Վարդանյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից ստացել է 516 հազար դրամ աշխատավարձ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմից՝ 4 մլն 415 հազար 822 դրամ։ Նրա հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 4 մլն 931 հազար 822 դրամ։
ArmLur.am-ը պարզել է նաև, որ տարեվերջի դրությամբ Վարդանյանն ունեցել է երկու վարկային պարտավորություն՝ 485 հազար 713 դրամ և 2 մլն 431 հազար 520 դրամ։ Դրանց ընդհանուր մայր գումարի մնացորդը կազմել է 2 մլն 917 հազար 233 դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



























