Armenian text to speach

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը լքել է պաշտոնը չինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Լուկա Էխվայան պաշտոնավարումից ընդամենը երկու ամիս անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Հավանական պատճառներից մեկը կարող է լինել Չինաստանի փոխնախագահ Հան Չժենի՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում դիվանագիտական արարողակարգի խախտումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Նախագահի աշխատակազմում հաստատել են Էխվայայի հեռանալու փաստը, սակայն չեն հստակեցրել՝ արդյոք նա սեփական դիմումի համաձա՞յն է հեռացել, թե՞ պաշտոնանկ է արվել։ Անձամբ պաշտոնյան և նախագահական ապարատի ներկայացուցիչները չեն պատասխանել լրագրողների լրացուցիչ հարցերին։

Հան Չժենը Վրաստան էր ժամանել պաշտոնական այցով նոյեմբերի 6-ին։ Թբիլիսիի և Պեկինի միջև դիվանագիտական հարաբերությունների 35 տարվա պատմության մեջ սա Չինաստանի նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր այդ երկիր։ Օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ Այցի օրակարգում ներառված էին նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ բանակցություններ։ Այցն ավարտվել է նոյեմբերի 8-ին։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տվյալների՝ նոյեմբերի 6-ին Աթոնելի փողոցում գտնվող նախագահական նստավայրի մոտ չինական պատվիրակությանն անձամբ դիմավորել է Էխվայան, մինչդեռ Կավելաշվիլին հյուրին ողջունել է արդեն շենքի ներսում։ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած լուսանկարներում պատկերված է ընդունելության հենց այս հաջորդականությունը։

Պարբերականի աղբյուրները կարծում են, որ նման իրավիճակը կարող էր գնահատվել որպես դիվանագիտական արարողակարգի և ընդունված աստիճանակարգության կոպիտ խախտում։

Էխվայայի հետ միաժամանակ պաշտոնից հեռացել է նաև նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թամթա Իաշագաշվիլին։ Թե արդյոք այս երկու կադրային փոփոխությունները փոխկապակցված են, չի հաղորդվում։

Կավելաշվիլին Էխվայային աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել էր 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր միջազգային հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։

Էխվայան հանրությանը հայտնի էր որպես քաղաքական բլոգի հեղինակ և «Ֆուկոյի ճոճանակ» յութուբյան ալիքի վարող։ Իր հաղորդումներում նա քննադատում էր Վրաստանի ավանդական եվրատլանտյան կուրսը և պաշտպանում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։ Մասնավորապես, Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության կասեցումը նա որակում էր որպես «մեծ քայլ ապագաղութացման ճանապարհին»։ Բացի այդ, Էխվայան կողմ էր Վրաստանի մասնակցությանը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակին, որը միավորում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։




Մամուլի Տեսություն

Լրահոս