Armenian text to speach

Մակրոնի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին․ նրա գործունեությանը հավանություն է տալիս ֆրանսիացիների ընդամենը 14%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունը դրական է գնահատում երկրի քաղաքացիների ընդամենը 14%-ը՝ նախորդ հարցման արդյունքների համեմատ մեկ տոկոսային կետով պակաս, վկայում են Ipsos-BVA-ի վերջին քաղաքական բարոմետրի արդյունքները, որոնք նոյեմբերի 15-ին հրապարակել է La Tribune Dimanche թերթը։

Նախագահի աշխատանքը բացասական է գնահատում հարցվածների 83%-ը, ևս 3%-ը չի կողմնորոշվել պատասխանի հարցում։ Ipsos-BVA-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բրյուս Տենտյուրյեն նշել է, որ Մակրոնի հավանության ներկայիս ցուցանիշն ավելի ցածր է, քան նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի օրոք գրանցված պատմական նվազագույնը։

Վատթարացել է նաև վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի դիրքը։ Նրա գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 19%-ը՝ նախորդ հետազոտության համեմատ երեք տոկոսային կետով պակաս։ Կառավարության ղեկավարի աշխատանքը բացասական է գնահատում հարցվածների 72%-ը։

Լըկորնյուի երկրորդ կառավարության անդամներից ֆրանսիացիներն առավել իրազեկ են համարում արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենին, որի վարկանիշն աճել է վեց կետով՝ հասնելով 40%-ի, և ներքին գործերի նախարար Լորան Նունյեսին՝ 24%, ինչը նախորդ ցուցանիշից երկու կետով ավելի է։

Ֆրանսիացիների գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ գնողունակությունը․ հարցման մասնակիցների 60%-ն այն ներառել է երկրի երեք կարևորագույն խնդիրների թվում։ Դրան հաջորդում են սոցիալական պաշտպանության համակարգի ապագան (38%) և պետական պարտքի ու բյուջեի պակասուրդի մակարդակը (36%)։

Հետազոտության շրջանակում գնահատվել է նաև ֆրանսիացիների վերաբերմունքը 2027 թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների նկատմամբ։ Եթե «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը նախագահ դառնար, դրանից գոհ կլիներ հարցվածների 36%-ը՝ նախորդ հարցման համեմատ չորս կետով ավելի։ Նա առաջ է կուսակցության նախագահ Ժորդան Բարդելայից, որը ստացել է դրական պատասխանների 34%-ը։

Մյուս քաղաքական գործիչներից Nouvelle Énergie շարժման առաջնորդ Դավիդ Լիսնարի հնարավոր ընտրության կապակցությամբ գոհունակություն է հայտնել հարցվածների 20%-ը։ Ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, Reconquête կուսակցության ներկայացուցիչ Սառա Կնաֆոն և հանրապետականների առաջնորդ Բրյունո Ռըտայոն ստացել են 19-ական տոկոս։

Հետազոտության շրջանակում առաջին անգամ գնահատվել են ձյուդոիստ Թեդի Ռիների հեռանկարները, որը հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։ Նրա հնարավոր ընտրությունը դրական կընդուներ հարցվածների 17%-ը։ Նույն արդյունքն է գրանցել սոցիալիստ Ռաֆայել Գլյուքսմանը։ Նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը ստացել է 16%, իսկ Էրիկ Զեմուրը և նախկին վարչապետ Գաբրիել Ատալը՝ 15-ական տոկոս։

Հավանական թեկնածուների թվում ամենամեծ հակակրանքն առաջացրել են Մելանշոնն ու Զեմուրը․ հարցման մասնակիցների համապատասխանաբար 71%-ը և 72%-ը հայտարարել են, որ դժգոհ կլինեին նրանց ընտրվելուց։




Մամուլի Տեսություն

Լրահոս