Armlur.am-ը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի ներսում ուշագրավ վերադասավորումներ են տեղի ունեցել։
Թեև համայնքը ղեկավարում է ՔՊ-ական Էդգար Հովհաննիսյանը, իշխանական ուժը որոշել է առաջիկա ընտրություններին նրա փոխարեն ցուցակի առաջին համարը վստահել համայնքապետի տեղակալ Սարգիս Արշակյանին։
Մեր տեղեկություններով այս որոշման գլխավոր «հերոսը» Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է: ՔՊ վարչությունում ներկայացրել է հենց Սարգիս Արշակյանի թեկնածությունը, հանտարաուելով, թե նա շատ բարձր ռեյտինգ ունի Մեծամորում:
Էդգար Հովհաննիսյանը Մեծամորի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին։ Մինչ այդ նա 2022 թվականից զբաղեցրել է համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նրա աշխատանքային կենսագրության մեջ եղել են նաև ԿԸՀ-ի առանձնացված ստորաբաժանումում և Արարատյան մաքսատան վարչությունում աշխատանքային տարիներ։
Իսկ Սարգիս Արշակյանը համայնքապետի տեղակալն է, ինչպես նաև նախկինում աշխատել է որպես Նորապատի վարչական ղեկավար։
Ստացվում է՝ ՔՊ-ն համայնքում իշխանության թեկնածու է առաջադրում գործող համայնքապետի մերձավոր աշխատանքային շրջապատից։
Մեծամորի ընտրությունների ֆոնին մեկ այլ ուշագրավ անուն էլ է հայտնվել՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Նա ընդգրկվել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում:
Վահրամ Խաչատրյանի քաղաքական կենսագրությունն ինքնին ուշագրավ է։ Նա 2015-2021 թվականներին եղել է Նորապատ համայնքի ղեկավարը, նախկինում եղել է ՀՀԿ անդամ, իսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հրաժարվել է այդ կուսակցությունից։ Հետագայում աշխատել է Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա դարձել Մեծամորի համայնքապետ, իսկ 2025 թվականի սեպտեմբերին նշանակվել է Արմավիրի մարզպետ։
Ավելին՝ ArmLur.am-ը հոկտեմբերի 28-ին գրել էր, որ տեղական քաղաքական շրջանակներում քննարկվում էր Վահրամ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից հեռանալու և կրկին Մեծամորի համայնքապետ դառնալու ցանկության հարցը։
Արդյոք Վահրամ Խաչատրյանի ընդգրկումը ՔՊ-ի ցուցակում պարզապես քաղաքական աջակցությո՞ւն է, թե՞ նա իսկապես համայնքապետի պաշտոնի հավակնություն ունի։ Արդյոք Սարգիս Արշակյանի առաջադրումը վերջնական որոշո՞ւմ է, թե՞ ՔՊ-ն դեռ այլ հաշվարկներ ունի։
Հատկանշական է նաև, որ Մեծամորում գործող համայնքապետ Էդգար Հովհաննիսյանի փոխարեն ցուցակը գլխավորում է նրա տեղակալը, իսկ մարզպետն էլ ներգրավված է նույն ընտրական գործընթացում։ Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ Մեծամորում ՔՊ-ն ոչ միայն ընտրություններին է պատրաստվում, այլև սեփական թիմի ներսում իշխանական դիրքերի վերադասավորում է իրականացնում։
Սոնա Գրիգորյան




























