Բեռլինի ոստիկանությունը 28 քրեական գործ է հարուցել «Gen Z regelt» («Z սերունդը գործն իր ձեռքն է վերցնում») երիտասարդական շարժման ցույցից հետո, որը շաբաթ օրը տեղի է ունեցել Գերմանիայի մայրաքաղաքում և սպասվածից զգալիորեն ավելի շատ մասնակիցներ է հավաքել, հայտնում է dpa-ն։
Ակցիային մասնակցել է շուրջ 1,2 հազար մարդ, թեև կազմակերպիչները գրանցել էին ընդամենը 100 մասնակցի։ Ցուցարարները բողոքում էին դպրոցների վատ վիճակի, պարտադիր զինվորական ծառայության, համալսարանների և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կրճատման դեմ, նաև բարձրաձայնում էին այլ խնդիրներ։
Ոստիկանության տվյալներով, ցույցը ժամանակ առ ժամանակ ուղեկցվել է բռնությամբ։ Դեռ երթի մեկնարկից առաջ մասնակիցները փորձել են ճեղքել շարասյան առջևում տեղակայված ոստիկանական շղթան։ Ոստիկանները կանգնեցրել են նրանց՝ կիրառելով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ հրելով և հարվածներ հասցնելով։
Կիրակի առավոտվա դրությամբ ոստիկանությունը նախնական տվյալներով բերման է ենթարկել 20 մարդու։ Բերման ենթարկելու պատճառներից մեկը հրատեխնիկայի օգտագործումն է եղել։ Իրավապահ մարմինների ներկայացուցչուհին նշել է, որ բերման ենթարկելու ընթացքում մասնակիցները բազմիցս դիմադրել են ոստիկանությանը և հարձակվել ծառայողների վրա։
Քրեական գործեր են հարուցվել հասարակական կարգը խախտելու, մարմնական վնասվածքներ հասցնելու, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու և պայթուցիկ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածներով։ Ակցիայի վայրում կարգուկանոնն ապահովելու համար ներգրավվել է շուրջ 700 ոստիկան։ Երեք ոստիկան վնասվածքներ է ստացել։
Միևնույն ժամանակ նոյեմբերի 20-ին Գերմանիայի և եվրոպական այլ երկրների քաղաքներում մի շարք ցույցեր են նախատեսվում։ Բեռլինում կայանալիք ակցիային մասնակցելու համար գրանցվել է շուրջ 15 հազար մարդ։




























