ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բավականին վատ են ընդունել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ CivilNet-ին տված վերջին հարցազրույցը։ Իշխող կուսակցության ներսում նրա որոշ արտահայտություններն ու պահվածքը լուրջ քննարկումների առիթ են դարձել։
Մասնավորապես, հարցազրույցի ժամանակ, երբ լրագրողը Արմեն Գրիգորյանին հարց է ուղղում՝ արդյոք ինքը համարվում է ՔՊ կուսակցության անդամ, Գրիգորյանը, նայելով իր ժամացույցին, բավականին հեգնական տոնով արձագանքում է՝ «Եթե չեն հանե՞լ» ու շատ երկար ծիծաղում՝ ակնհայտ ցույց տալով իր վատ վերաբերմունքը կուսակցության նման որոշումներին։
Այս դրվագը, մեր տեղեկություններով, ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել։ Կուսակցության ներսում այն գնահատում են որպես ոչ պատշաճ վերաբերմունք կուսակցության նկատմամբ և համարում, որ նման վարքագիծը կարող է հակասել կուսակցական կարգապահությանն ու էթիկայի կանոններին։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Բանն այն է, որ ՔՊ-ն ունի Էթիկայի կանոնագիրք, որով սահմանված են կուսակցության անդամների վարքագծին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կարգապահական հարցերի քննարկման մեխանիզմները։ Կանոնների հնարավոր խախտման դեպքում հարցը կարող է ներկայացվել կուսակցության Վերահսկող հանձնաժողովի քննարկմանը, որից հետո այն կարող է հասնել նաև ՔՊ վարչություն։
Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում Արմեն Գրիգորյանի հարցը բավականին թեժ քննարկման թեմա է դարձել։
Չի բացառվում, որ առաջիկայում նրա վարքագծի վերաբերյալ հարցը քննարկվի համապատասխան կուսակցական մարմիններում, և նա առնվազն նկատողություն ստանա։ Չի բացառվում նաև, որ քննարկման առարկա դառնա նրա՝ կուսակցությունում հետագա անդամակցության հարցը։
Այսպիսով, Արմեն Գրիգորյանի՝ նախկինում լռությամբ ուղեկցվող հեռանալը պետական համակարգից, իսկ այժմ նաև հրապարակային քննադատական դիրքորոշումներն ու ՔՊ-ի վերաբերյալ հեգնական ակնարկները, կարծես թե, նոր լարվածություն են ստեղծել իշխող կուսակցության ներսում։
Թե արդյոք ՔՊ-ն կգնա՞ կարգապահական պատասխանատվության կամ ավելի կոշտ քայլերի, ցույց կտան առաջիկա զարգացումները։
Սոնա Գրիգորյան




























