Հայաստանում նոյեմբերի 14-ից հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով նաև նոր ծառայության սակագները։
Այսպես՝ եթե նախկինում նույնականացման քարտի տրամադրումն արժեր 5 950 դրամ, ապա արագացված տարբերակով քաղաքացին պետք է վճարի 8 000 դրամ։ Իսկ կենսաչափական անձնագրի դեպքում տարբերությունն առավել քան էական է․ 28 650 դրամի փոխարեն արագացված ծառայության համար սահմանվել է 88 650 դրամ սակագին։
ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ արագացված ծառայության միջոցով Երևանում փաստաթուղթը հնարավոր կլինի ստանալ 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։
Սակայն այս նորամուծությունը մեկ այլ՝ բավականին մտահոգիչ հարց է առաջացնում․ արդյոք պետությունը փաստաթղթերի տրամադրումն էլ է վերածում բիզնեսի՝ քաղաքացիների սոցիալական վիճակի հաշվին։
Ստացվում է՝ եթե քաղաքացին ֆինանսական միջոցներ ունի, կարող է վճարել գրեթե եռակի ավելի գումար և անձնագիր ստանալ շատ կարճ ժամկետում, իսկ եթե չունի այդ հնարավորությունը, ստիպված է սպասել սահմանված սովորական ժամկետներին։ Այսինքն՝ ժամանակի խնայողությունը փաստացի դառնում է վճարունակության հարց։
Պետությունը, որը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլոր քաղաքացիների համար, փաստացի ստեղծում է մի համակարգ, որտեղ արագ սպասարկման հնարավորությունը կախված է ոչ թե քաղաքացու հրատապ կարիքից, այլ նրա գրպանի պարունակությունից։
Հատկապես անձնագրի պարագայում սա պարզապես լրացուցիչ հարմարավետության ծառայություն չէ։ Փաստաթուղթը քաղաքացու հիմնական նույնականացման միջոցներից է, և դրա ստացման անհրաժեշտությունը կարող է հրատապ լինել ամենատարբեր պատճառներով՝ աշխատանք, բուժում, ընտանեկան հանգամանքներ կամ անհետաձգելի ուղևորություն։
Իսկ ինչպե՞ս պետք է վարվի այն քաղաքացին, որը նույնքան հրատապ կարիք ունի փաստաթուղթը ստանալու, բայց չի կարող իրեն թույլ տալ վճարել 88 650 դրամ։
Փաստորեն, պետությունը ոչ թե բոլորի համար է ապահովում արագ և մատչելի ծառայություն, այլ առաջարկում է վճարունակ քաղաքացիներին ժամանակ շահել՝ զգալիորեն ավելի շատ գումար վճարելու դիմաց։ Հարուստների և սոցիալապես ավելի խոցելի քաղաքացիների միջև այսպիսի տարբերակումը դժվար է չհամարել խտրական մոտեցում։
Հարց է առաջանում՝ արդյոք պետական ծառայությունների արագացումը պետք է դառնա լրացուցիչ եկամտի աղբյուր, և ինչո՞ւ է քաղաքացու՝ սեփական փաստաթուղթն ավելի արագ ստանալու հնարավորությունը վերածվում ֆինանսական արտոնության։
Պետությունը պետք է ծառայի քաղաքացուն, ոչ թե քաղաքացու հրատապ կարիքը դարձնի լրացուցիչ վճար գանձելու հնարավորություն։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























