Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկեն համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների միջև ռազմավարական կայունության ամրապնդման հարցերը։ Հանդիպումը տեղի կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին նոյեմբերի 16-ին Պեկինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Նրա խոսքով՝ երեք առաջնորդները հանգամանալից մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության ամրապնդման շուրջ։ Մաո Նինը հանդիպումն անվանել է պատմական և նախադեպային նշանակություն ունեցող՝ ընդգծելով, որ երեք երկրների ղեկավարներն առաջին անգամ կհանդիպեն եռակողմ ձևաչափով։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակում երեք պետությունները կարևոր պատասխանատվություն ունեն գլոբալ մարտահրավերներին համատեղ դիմակայելու և աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում։
Նրա խոսքով՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաղորդակցության ամրապնդումը, տարաձայնությունների կառավարումն ու հարաբերությունների կայունացումը բխում են ոչ միայն երեք երկրների, այլև միջազգային հանրության շահերից։ Պեկինի գնահատմամբ՝ նման երկխոսությունը կարող է նպաստել միջազգային իրավիճակի կայունացմանը և համագործակցության զարգացմանը։
Միջուկային սպառազինություններն ու Իրանի հարցը
Չնայած Չինաստանի ԱԳՆ-ն չի ներկայացրել հանդիպման մանրամասն օրակարգը, ամերիկյան կողմն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը մտադիր է բարձրացնել միջուկային սպառազինությունների կրճատման հարցը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է քննարկել միջուկային զինանոցների սահմանափակման հնարավորությունները։ Խնդիրն առավել արդիական է դարձել այն բանից հետո, երբ փետրվարին ավարտվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման վերջին պայմանագրի՝ New START-ի գործողության ժամկետը։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը միջուկային զենքի ամենամեծ զինանոցներն ունեցող պետություններն են։ Չինաստանն էլ վերջին տարիներին արագորեն ընդլայնում է իր միջուկային ներուժը, սակայն մինչ այժմ չի համաձայնել միանալ Վաշինգտոնի և Մոսկվայի հետ եռակողմ սպառազինությունների վերահսկման բանակցություններին։ Պեկինը պնդում է, որ նախ պետք է հաշվի առնվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ զգալիորեն ավելի մեծ միջուկային զինանոցները։
Բացի այդ, ըստ Al Jazeera-ի՝ Թրամփը նախատեսում է քննարկել նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը եռակողմ հանդիպման օրակարգում ընդգրկված չէ։
Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
Հանդիպմանը նախապատրաստվելու ֆոնին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել երեք երկրների առաջնորդների բանակցություններից բխող միջուկային զինաթափման ցանկացած նախաձեռնության։
Նրա խոսքով՝ միջուկային զինաթափման հարցը շարունակում է մնալ միջազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկը։ ՄԱԿ-ը բազմիցս նախազգուշացրել է, որ աշխարհաքաղաքական լարվածության և խոշոր տերությունների միջև մրցակցության աճը մեծացնում է միջուկային ռիսկերը։
Նշենք, որ եռակողմ հանդիպման անցկացման մասին ավելի վաղ հաստատել էին նաև Սպիտակ տունն ու Կրեմլը։ Այն տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Շենժենում անցկացվող APEC-ի գագաթնաժողովի շրջանակում։
Անի Վարդանյան




























