Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Չինաստանում այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում կարող են անդրադառնալ Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ ռուսաստանյան առաջարկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Վեստի»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անպայման, չի կարելի բացառել, որ Թրամփի հետ շփումների ընթացքում այս հարցը կարծարծվի», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Մոսկվայում «մինչ օրս Ուկրաինայի կողմից այս առաքելությանը պատրաստակամություն հայտնելու վերաբերյալ որևէ խոսք չեն լսել»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարող է կրկին հանդես գալ որպես այդ առաքելության միջնորդ կամ կազմակերպիչ,Պեսկովն ասել է. «Մելանյա Թրամփը կանգնած է եղել այս մարդասիրական գործընթացի ակունքներում, և, իհարկե, նրա թիմի ու մեր օմբուդսմեն Լանտրատովայի հետ արդեն ձեռք բերված որոշակի փորձ կա։ Ուստի, անշուշտ, այդ փորձը պետք կգա»։
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում ԱՄՆ բանագնացների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարի և մարդասիրական խնդրի լուծման հաջողված փորձը կիրառել Կոնստանտինովկայում ստեղծված իրավիճակում։ Նա նաև հավելել էր, որ Ռուսաստանը կապահովի անվտանգությունն՝ ընդգծելով, որ ականազերծման համար անհրաժեշտ է հինգ օր։ Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքն ակտիվ մարտական գործողությունների գոտում է։



























