Ուկրաինական հարվածից հետո Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կապող ռազմավարական նշանակության կամրջի՝ այսպես կոչված Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածի մի մասը փլուզվել է։ Այս մասին վկայում են CNN-ի աշխարհագրական տվյալներով ստուգված տեսանյութերն ու լուսանկարները։
Ղրիմի կամուրջը, որը հայտնի է նաև Կերչի կամուրջ անվամբ, Ռուսաստանի համար կարևոր մատակարարման ուղի է, որով ռուսական զորքերին անհրաժեշտ պարագաներ են տեղափոխվում։ Այն նաև խորհրդանշական մեծ նշանակություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Կամրջի կառուցումը առաջնահերթություն էր դարձել 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։
Մոտ 12 մղոն (շուրջ 19 կմ) երկարությամբ կամուրջը Եվրոպայի ամենաերկար կամուրջն է։ Դրա կառուցման համար ծախսվել է 3,7 միլիարդ դոլար։ Ռուսական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ այն նախատեսված է օրական 40 հազար ավտոմեքենայի սպասարկման, տարեկան 14 միլիոն ուղևորի և 13 միլիոն տոննա բեռի տեղափոխման համար։
CNN-ի կողմից ստուգված կադրերում երևում է, որ ավտոճանապարհային հատվածի մի մասը փլուզվել է ջրի մեջ, մինչդեռ դրան զուգահեռ երկաթուղային հատվածը, ըստ նախնական տվյալների, կանգուն է մնացել։ Մեկ այլ տեսանյութում կամրջի հատվածներից մեկում հրդեհ է երևում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ կամրջի երթևեկությունը դադարեցվել է՝ այն բանից հետո, երբ վերջին երկու օրերի ընթացքում գրանցվել են ուկրաինական երկրորդ հարվածները։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կամուրջը վնասվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Նշվում է, որ մասնագետները գնահատում են վնասները, զոհեր չկան։
Ուկրաինան 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր բազմիցս թիրախավորել է Կերչի կամուրջը։
Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են, որ գիշերվա ընթացքում իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 1441 անօդաչու թռչող սարք։
Հարվածներ նաև Կիևին
Միաժամանակ ռուսական ուժերը գիշերը ինտենսիվ հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Քաղաքի միջով անցնող գետի վրա գտնվող երկու կարևոր՝ Հյուսիսային և Հարավային կամուրջները լրջորեն վնասվել են, ինչի հետևանքով դադարեցվել է երթևեկությունը։
Կիևի քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ վնասվել են նաև կարևոր ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մայրաքաղաքի որոշ շրջաններում խափանումներ են առաջացել ջրամատակարարման և ջեռուցման համակարգերում։
Կամուրջների վնասման հետևանքով խոշոր խցանումներ են առաջացել քաղաքի ինչպես ձախ, այնպես էլ աջ ափերին։ Վնասների ամբողջական ծավալը և հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկությունները դեռ ճշտվում են։
Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածների թիրախում են եղել ուկրաինական ռազմական, տրանսպորտային, էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքները։ Հարձակման համար կիրառվել են անօդաչու սարքեր, ինչպես նաև ցամաքային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքեր։
Թրամփը, Սին և Պուտինը կքննարկեն Ուկրաինայի հարցը
Կենսական ենթակառուցվածքների ուղղությամբ փոխադարձ հարվածները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում նախատեսված եռակողմ հանդիպումից երկու օր առաջ։
Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ մտադիր է ռուս և չինացի գործընկերների հետ քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ չնայած ԱՄՆ պաշտոնյաների՝ նախորդ շաբաթվա հայտարարություններին, թե այդ հարցը կարող է չընդգրկվել օրակարգում։
«Մենք կխոսենք իմ սիրելի թեմայի՝ Ուկրաինայի մասին»,- Սպիտակ տնից մեկնելիս լրագրողներին ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ընթացքում ամսական 25 հազար զինվոր է զոհվում երկու կողմերից, և այդ հարցը քննարկվելու է հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն էր հայտնել, որ Թրամփի, Սիի և Պուտինի եռակողմ հանդիպման ընթացքում կարող են որոշումներ կայացվել Ուկրաինայի ապագայի վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության։
Անի Վարդանյան



























