Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․
«Ժողովուրդ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա հայտարարություններում ՔՊ-ականների մի մասը նաև իշխանության ընդհանուր քաղաքականության նկատմամբ դժգոհության ուղերձներ է տեսնում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի երեկվա հրապարակումները երեկ ՔՊ-ում ներքին քննարկումների առիթ են դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը նման կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին, և արդյոք սա ընդամենը քաղաքային խնդիրների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ։ Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձավ խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և կոչ անելով նրանց բարձրաձայնել դժգոհությունը։ Նրա ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս, հետևյալն էր. «…թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիներին բազմաթիվ խնդիրների ու ձախողումների առնչությամբ մշտապես հղում է անում նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եվ հիմա նրա կինը՝ առանց անուններ տալու, նույն այդ մոտեցումը ներկայացնում է հեգնական համատեքստում։
Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ Ազգային ժողովի մուտքի մոտ ուշագրավ իրավիճակի է ականատես եղել։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների հսկողության տակ գտնվող անցակետի մոտ 26-ամյա մի երիտասարդ երկար ժամանակ պահանջել է իրեն թույլ տալ մուտք գործել խորհրդարան՝ պատգամավորների հետ հանդիպելու նպատակով։ Մեր լրագրողի տեղեկություններով՝ երիտասարդը պնդել է, որ նամակներ է գրել պատգամավորներին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել, ուստի ցանկանում է անձամբ հանդիպել նրանց։ ՊՊԾ աշխատակիցներն ու տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները փորձել են նրան բացատրել, որ նամակներն արդեն հանձնված են, և անհրաժեշտ է սպասել պատասխանին, սակայն երիտասարդը հրաժարվել է հեռանալ տարածքից։ Իրավիճակին միջամտել է նաև երիտասարդի եղբայրը, որը ոստիկաններին հայտնել է, որ վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վտանգավոր չէ, և խնդրել է թույլ տալ նրան որոշ ժամանակ խոսել։ Չնայած ոստիկանների հորդորներին՝ երիտասարդը երկար ժամանակ տեղից չի շարժվել։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ևս փորձել է զրուցել նրա հետ։ Երիտասարդը կրկին պնդել է, որ ցանկանում է հանդիպել պատգամավորներին։ Հաշվի առնելով իրավիճակը՝ մեր լրագրողը խոստացել է զբաղվել նրա բարձրացրած հարցով և տրամադրել իր հեռախոսահամարը։ Միայն դրանից հետո երիտասարդը հանդարտվել է և հեռացել տարածքից։
Ֆիրդուսից՝ կանեփի բիզնես. ո՞վ է կանգնած Երևանի կենտրոնի բնակիչների «ունեզրկման» թիկունքում․ «Ժողովուրդ»
Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բողոքը շարունակվում է։ Նոյեմբերի 17-ին Երևանի կենտրոնում գտնվող իրենց գույքի օտարման և փոխհատուցման հարցով բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել, այս անգամ՝ Ազգային ժողովի դիմաց։ Նրանց միացել են նաև Բյուզանդի և Կոնդի բնակիչները։ Ակցիայի մասնակիցները դժգոհում են հանրային գերակա շահի շրջանակում իրենց գույքի գնահատման և օտարման գործընթացից։ Նրանք պահանջում են արդար որոշում և իրենց սեփականության դիմաց համարժեք փոխհատուցում։ Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ ցանկանում են, որպեսզի իրենց ունեցվածքը հասնի իրենց, մեկ այլ բնակիչ էլ կատարվածը որակել է որպես գույքի խլում և ունեզրկում։ Նկատենք, որ Ֆիրդուսի թաղամասի խնդիրը նոր չէ։ Երևանի կենտրոնում գտնվող այս տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռևս 2008 թվականին, իսկ 2018 թվականի մարտի 22-ին այդ որոշումը վերահաստատվել է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր քանդել հին շենքերն ու կառուցել նոր՝ 33-րդ թաղամասը՝ բնակելի շենքերով, բիզնես կենտրոններով և հյուրանոցներով։ Նախագծի հեղինակը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Հայկական կարմիր խաչի ընկերությւնը։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ: Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից: Անհետ կորածների ծնողներից մեկն ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել:
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ տարեվերջ կառավարությունում «կլյուչեւոյ» պաշտոններում ծվարած պաշտոնյաների «ջարդ» է սպասվում։ «Թիրախում հնաբնակներն են, որոնք կամեռաների տակ ֆնչացնելով ու բողոքելով` գործ են անում: Ա՛յ, դրանց իրական ջարդ է սպասվում»,- ասաց աղբյուրը։



























