Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների ունեցվածքի ուսումնասիրությունը շարունակում է մնալ ArmLur.am-ի ուշադրության կենտրոնում։ Այս անգամ ուսումնասիրել ենք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հարություն Բալյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը։
Հարություն Բալյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 3-ին Երևանում։ Կրթություն է ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ավարտելով կառավարման ֆակուլտետը։ 2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Բալյանի աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել ֆինանսական և վարկային ոլորտների հետ։ 2011-2017 թվականներին նա աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Մալաթիա» մասնաճյուղում՝ որպես ավագ վարկային մասնագետ։ Այնուհետև՝ 2017-2018 թվականներին, աշխատել է «Անելիք բանկ» ՓԲԸ-ի խնդրահարույց ակտիվների կառավարման վարչությունում՝ որպես մասնագետ։
2018 թվականին տեղափոխվել է «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ, որտեղ մինչև 2024 թվականը զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Սկզբում աշխատել է խնդրահարույց վարկերի հետ աշխատանքների վարչությունում՝ որպես մասնագետ, ապա՝ գրավով ապահովված վարկերի հետ աշխատանքի թիմի ղեկավար։ 2020-2021 թվականներին ղեկավարել է անգրավ վարկերի հետ աշխատանքների վարչությունը, իսկ 2021-2024 թվականներին եղել է խնդրահարույց վարկերի հետ աշխատանքների վարչության ղեկավարի տեղակալ՝ դատական բռնագանձման գծով։
2024 թվականի օգոստոսի 23-ին Հարություն Բալյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար, իսկ 2026 թվականի փետրվարի 17-ին՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
ArmLur.am-ը ուսումնասիրեց նրա՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրը և արձանագրեց, որ Բալյանը հայտարարագրել է անշարժ գույքի երկու բաժնեմաս, ավտոմեքենա, դրամական միջոցներ և մի շարք եկամուտներ։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ Հարություն Բալյանին պատկանում է Երևանի բնակարաններից մեկի 1/4 բաժնեմասը, որը ձեռք է բերվել 1994 թվականի օգոստոսի 11-ին։ Բացի այդ, նա 2023 թվականի դեկտեմբերի 28-ին ձեռք է բերել Ծաղկաձորում գտնվող բնակարանի 1/3 բաժնեմասը։
Հատկանշական է, որ հայտարարագրում նշված է նաև Երևանում գտնվող անհատական բնակելի տուն, որը Բալյանը 90 և ավելի օր փաստացի տիրապետել է, սակայն այդ գույքի սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։


Տրանսպորտային միջոց
ArmLur.am-ը պարզեց, որ Բալյանը հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբերի 18-ին։
Դրամական միջոցներ
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 499 հազար 605 դրամ 29 լումա, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 8 մլն 600 հազար դրամ։
Եկամուտ
Հայտարարագրի համաձայն՝ Բալյանի ընդհանուր եկամուտը կազմել է 2 մլն 762 հազար 854 դրամ։
Մասնավորապես, նա Ֆինանսների նախարարությունից ստացել է 819 հազար 18 դրամ եկամտային հարկի վերադարձ, բնակարանի օրավարձով տրամադրումից՝ 423 հազար 300 դրամ, «Արդշինբանկ» ԲԲԸ-ից՝ 596 հազար 136 դրամ այլ եկամուտ, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից՝ 420 հազար դրամ ապահովագրական հատուցում, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ 504 հազար 400 դրամ աշխատանքի վարձատրություն։
Վարկային պարտավորություններ
ArmLur.am-ը նաև արձանագրեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բալյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 28 մլն 972 հազար 476 դրամ 30 լումա։ Դրանցից մեկի դիմաց որպես հիփոթեքի առարկա նշված է բնակարան։
Հարություն Բալյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Սոնա Գրիգորյան




























